990      0

Սերը բուդհայական
վանականի
աչքերով

Ձեն-բուդհայականության լեգենդար ուսուցիչ Թխիտ Նյատ Խանն (Тхить Нят Хань) այն մասին, որ սիրել, առաջին հերթին նշանակում է հասկանալ դիմացինին:

Մեծ սրտի մասին

Եթե մի բուռ աղ լուծենք ջրով լի բաժակում, այդ ջուրը հնարավոր չի լինի խմել: Բայց, եթե այդ աղը լցնենք գետը, առաջվա պես գետի ջուրը կարող ենք օգտագործել խմելու, ուտելիք պատրաստելու և լվացվելու համար: Գետն անսահման է, այն կարողանում է ընդունել, գրկել և վերափոխել:

Եթե սիրտը փոքր է, հասկանալու և կարեկցելու ունակությունը սահմանափակ է, և մենք տանջվում ենք: Մենք չենք կարողանում ընդունել ուրիշների անկատարությունը և պահանջում ենք, որ նրանք փոխվեն: Բայց երբ մեր սրտերը մեծ են, այդ նույն բաներն այլևս չեն տանջում մեզ: Մենք շատ հասկացող և կարեկից ենք լինում, և կարողանում ենք ուրիշների համար բացել մեր գիրկը: Մենք նրանց ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կան, և այդ դեպքում նրանք փոխվելու շանս են ունենում:

Գոյություն չունեցող սահմանների մասին

Իսկապես խորը հարաբերությունների ժամանակ ձեր և դիմացինի միջև սահմանն անհետանում է: Նա դուք եք, իսկ դուք՝ նա: Ձեր տառապանքը նրա տառապանքն է: Երբ գիտակցում եք սեփական տառապանքը, դուք օգնում եք սիրելի մարդուն ավելի քիչ տառապել:

Տառապանքը և երջանկությունը ձեզ չեն թվում մեկին տրված հասկացություններ: Այն, ինչ տեղի է ունենում սիրելի մարդու հետ, տեղի է ունենում նաև ձեզ հետ: Իսկական սիրո մեջ այլևս տարանջատում կամ խտրականություն չկա: Նրա երջանկությունը ձեր երջանկությունն է: Ձեր տառապանքը նրա տառապանքն է: Դուք այլևս չեք կարող ասել «Դա քո խնդիրն է»:

Սիրո էության մասին

Խորը սիրո էությունը երջանկություն առաջարկել կարողանալն է: Դուք կարող եք լույսի շող դառնալ դիմացինի համար: Բայց, հնարավոր չէ երջանկություն առաջարկել որևէ մեկին, քանի դեռ ինքներդ այն չեք ապրում: Այդ պատճառով, ընդունելով, սովորելով սիրել և բուժել ինքներդ ձեզ՝ աշխատեք ձեր ներսում հարմարավետ տուն կառուցել: Գիտակցված ձևով ձեր իսկ համար երջանկության և ուրախության պահեր ստեղծեք: Այդ դեպքում դիմացինին առաջարկելու բան կունենաք:

Երբ պահում-պահպանում ենք մեր սեփական երջանկությունը, մենք հոգ ենք տանում սիրելու մեր կարողության մասին: Ահա թե ինչու, սիրել նշանակում է սեփական երջանկությունը սնելու արվեստին տիրապետել: Եթե բավականաչափ հասկացող ու սիրող եք, յուրաքանչյուր րոպե՝ կանցկացնեք այն նախաճաշ պատրաստելով, մեքենա վարելով, այգին ջրելով կամ օրվա ընթացքում ցանկացած այլ գործ անելով, կարող է ձեզ համար ուրախության պահ դառնալ:

Ուրիշի տառապանքը հասկանալը լավագույն նվերն է, որ կարող եք նվիրել դիմացինին: Հասկանալը սիրո ևս մեկ անունն է: Եթե չեք հասկանում, չեք կարող սիրել:

Այն մասին, թե ինչպես սիրել

Հաճախ մենք սիրահարվում ենք ոչ նրա համար, որ իսկապես սիրում և հասկանում ենք մեր կրքի օբյեկտին, այլ որպեսզի շեղենք մեզ սեփական տառապանքներից՝ կյանքի խառնաշփոթներից, տհաճ էմոցիաներից: Երբ սովորում ենք սիրել, հասկանալ և իսկապես կարեկցել ինքներս մեզ, այդ դեպքում կարողանում ենք իսկապես սիրել և հասկանալ նաև այլ մարդու:

Սիրել, առանց գիտակցելու, թե ինչպես ենք սիրում, նշանակում է վիրավորել սիրելի մարդուն: Որպեսզի իմանանք ինչպես սիրել, մենք պետք է հասկանանք դիմացինին: Որպեսզի հասկանանք, անհրաժեշտ է լսենք:

Եթե սիրում եք, պետք է կարողանաք թեթևություն բերել սիրելի մարդու տառապանքներին: Դա արվեստ է: Եթե չեք հասկանում նրա տառապանքների արմատները, չեք կարող օգնել, ինչպես բժիշկը չի կարող բուժել հիվանդությունը, եթե չգիտի դրա պատճառը:

Որքան շատ եք հասկանում, այնքան ավելի շատ եք սիրում: Որքան շատ եք սիրում, այնքան ավելի լավ եք հասկանում: Սա նույն իրականության երկու կողմերն են: Հասկանալ կարողանալը և սիրել կարողանալը նույն իմաստն ունեն:

Սիրահարվածների փոխադարձ կապը

«Ես սիրում եմ քեզ» ասելով, հաճախ շեշտը դնում ենք «Ես»-ի վրա և չենք մտածում մեր առաջարկած սիրո խորության մասին: Ողջ պատճառն այն է, որ մենք մեր էգոյի գերին ենք: Մենք մեզ առանձին մեկն ենք համարում, բայց աշխարհում առանձին «Ես» գոյություն չունի:

Ծաղիկը կազմված է բացառապես ոչ ծաղկային էլեմենտներից, ինչպիսիք են քլորոֆիլը, արևի լույսը և ջուրը: Եթե ծաղկից հեռացնենք բոլոր ոչ ծաղկային էլեմենտները, նրանից ոչինչ չի մնա: Ծաղիկն ինքնին չի կարող լինել: Ծաղիկը կարող է լինել միայն մեզ հետ, «իրադարձության»  կամ փախկապակցված լինելիության մեջ: Այդպիսին է նաև մարդը:

Մենք չենք կարող գոյություն ունենալ ինքնին: Մենք կարող ենք ապրել միայն փոխկապակցված կեցությամբ: Ես բաղկացած եմ այնպիսի էլեմենտներից, ինչպիսիք են հողը, արևը, ծնողները և նախնիները:

Եթե ձեր և սիրելի մարդու միջև հարաբերություններում ունակ եք տեսնել փոխկապակցված լինելիության էությունը, դուք զգում եք, որ նրա տառպանքը ձեր սեփական տառապանքն է, իսկ ձեր երջանկությունը՝ նրա երջանկությունը: Սիրո մասին այսպիսի պատկերացումով դուք խոսում և գործում եք այլ կերպ: Դա ինքնին կարող է թեթևացնել շատ տառապանքներ:

Աղբյուրը. Brainpickings

Կարդացեք նաև. «Ինչպե՞ս սիրել երեխային»

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: