1459      0

«Մի վախեցեք, որ
այդպիսի սեր
այլևս չի լինի…»

2017 թ. լույս է տեսել Միխայիլ Լաբկովսու (Михаила Лабковский) «Ուզում եմ ու կլինեմ» («Хочу и буду») գիրքը, որտեղ հոգեբանը պատմում է, թե ինչպես սիրել կյանքը, ինքներս մեզ և երջանիկ լինել մեր զույգի հետ: Ստորև ներկայացված են հատվածներ այդ գրքից:

Եթե հանդիպում կամ, ավելին, միասին եք ապրում արդեն մեկ տարի և ցանկանում եք ամուսնանալ, բայց ոչինչ չի փոխվում, պետք է փորձեք ինքներդ առաջարկություն անել: Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք կազմել, նշանակում է ժամանակն է նրան հրաժեշտ տալ: Իհարկե, լավ ձևով: Օրինակ, այսպես. «Ես քեզ շատ լավ եմ վերաբերվում և այդպես էլ կշարունակեմ, բայց քեզնից հեռու»:

∴∴∴

Կան մարդիկ, ովքեր պարտնյորի ընտրությունը դիտարկում են որպես իրենց նյութական, հոգեբանական, բնակարանային, վերարտադրողական խնդիրները լուծելու միջոց: Սա ամենատարածված ճակատագրական սխալներից է:

Միայն ազնիվ հարաբերությունները կարող են առողջ և կենսունակ լինել: Հարաբերություններ, որոնց նպատակը պարզ է՝ լինել միասին: Այնպես որ, եթե երազում եք ամուր ամուսնության, սիրո և ընկերության մասին, սկզբում պետք է հասկանաք ինքներդ ձեզ և ձեր խնդիրները:

∴∴∴

Առողջ չէ այն իրավիճակը, երբ վեճը վերածվում է բուռն սեքսի: Մի տարվեք դրանով: Այդպիսի հարաբերություններն ավարտվում են վերջին կոնֆլիկտով, բայց առանց սեքսի: Եթե վեճերը ձեր կյանքի մշտական բաղկացուցիչն են, կգա մի օր, երբ նվաստացումը, վիրավորանքը, զայրույթը և այլ բացասականն արդեն հնարավոր չի լինի հաղթահարել: Կոնֆլիկտը կմնա, իսկ սեքսը կավարտվի ընդմիշտ:

∴∴∴

Երբ հարցնում եմ, թե «Ի՞նչ տղամարդիկ (կանայք) են ձեզ դուր գալիս», գրեթե միշտ լսում եմ նույնը տղամարդկության, կանացիության, բարության, հուսալիության, գեղեցիկ աչքերի ու ոտքերի մասին: Բայց պարզվում է, որ այդ մարդկանց իրական զույգերը բոլորովին նման չեն իրենց իդեալին:

Պատճառն այն չէ, որ այդ իդեալը գոյություն չունի: Իրականում կյանքի ուղեկցի ընտրությունը անգիտակցական պրոցես է: Ծանոթանալուց 5-7 վայրկյան հետո դուք արդեն գիտեք, ցանկանում ե՞ք այդ մարդուն, թե ոչ: Հանդիպելով գեղեցիկ աչքերով և ոտքերով բարի մեկին, դուք նրան հեշտությամբ կարող եք անտեսել: Եվ ճիշտ հակառակը, սիրահարվել որևէ հարբեցողի կամ եսասեր ինֆանտիլի:

∴∴∴

Այն երեխաները, ովքեր չափազանցված և հիվանդագին էմոցիոնալ կախվածության մեջ են եղել իրենց ծնողներից, մեծանում են հարաբերություններից կախվածության մեջ գտնվող մարդիկ: Այդպիսիներն ունեն միայն մեկ՝ հարաբերությունների մեջ գտնվելու ցանկություն, որովհետև եթե նրանք հարաբերություններ չունեն, նրանք չեն ապրում:

∴∴∴

Իհարկե, շատ բան կախված է նրանից, կհանդիպենք մենք «մեր» մարդուն, թե ոչ: Այնպիսի մարդու, ով միաժամանակ կլինի և´ ընկեր, և´ սիրած էակ: Սա ամենահաջող համադրությունն է և ընտանեկան երկարակեցության երաշխիքը: Մենք բոլորս այդ մասին երազում ենք, դրա համար երախտապարտ ենք լինում ճակատագրին կամ գանգատվում նրանից, մոռանալով, որ երջանիկ հանդիպումները բոլորովին պատահական չեն լինում:

Իրենց իդեալական զույգին հանդիպում են նրանք, ովքեր այդ հանդիպմանը պատրաստ են. գլուխ են հանել իրենք իրենցից, իրենց մանկական տրավմաներից և կոմպլեքսներից, ապրել և հաղթահարել են նևրոզները, գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու հակառակ սեռից և չունեն լուրջ կոնֆլիկտներ իրենք իրենց հետ: Հակառակ դեպքում, նոր հարաբերությունները փորձություն են դառնում երկուսի համար էլ և անխուսափելիորեն ավարտվում փոխադարձ հիասթափությամբ ու նոր կոմպլեքսներով:

∴∴∴

Իհարկե, կարելի է պարտնյորին ընտրել ռացիոնալ ձևով: Ասենք, հուսալի է, չի նյարդայնացնում, նույնպես ուզում է երեխաներ ունենալ… Բայց դա ինձ ինտերնետի թեստ է հիշեցնում. «Խառնվածքից կախված, ի՞նչ տեսակի շուն պահել»: Կարելի է և այդպես, բայց միայն այն դեպքում, եթե հարաբերություններում ձեզ էմոցիաներ պետք չեն: Այդպես էլ է լինում: Իսկ ես վստահ եմ, որ հարաբերությունների հիմքը, առավել ևս ամուսնության, պետք է լինի սերը:

Անօգուտ է ինչ-որ մեկից բաժանվել, քանի դեռ ինքներդ ներքուստ չեք փոխվել, քանի դեռ պարտնյորը ձեզ համար ձեր ներքին խնդիրները լուծելու միջոց է: Լաց կլինեք, լաց կլինեք և նորից նմանին կգտնեք:

∴∴∴

Նևրոտիկները միշտ փնտրում են ինչ-որ մեկին, ում կարող են ուղղել կյանքի նկատմամբ իրենց ունեցած մեծ վիրավորանքը: Նրանք կախվածության մեջ են ոչ թե իրենց զույգից, այլ նրան վիրավորվելու հնարավորությունից: Որովհետև, եթե վիրավորանքը պահեն, նրանք կընկնեն դեպրեսիայի մեջ:

∴∴∴

Երբ մարդը պատրաստ չէ ամուսնության և հարաբերությունների, նա ենթագիտակցաբար ընտրում է այնպիսի զույգի, ում հետ հնարավոր չէ դրանք կառուցել:

∴∴∴

Եթե չեք ցանկանում հիասթափվել, նախ և առաջ պատրանքների մեջ մի ընկեք: Մի կարծեք, որ սերը, ամուսնանալը կամ որևէ այլ իրավիճակ կփոխի ձեր կամ ձեր ընտրյալի հոգեբանությունը: Սխալ է մտածել-երազել-անրջել, որ «երբ ամուսնանանք, նա կդադարի խմել», կամ «մինչև ամուսնությունը աջ ու ձախ ման կգա, իսկ հետո կտրուկ կդառնա հավատարիմ ամուսին»: Փոխել կարող եք միայն ինքներդ ձեզ:

∴∴∴

Եթե առողջ մարդու հարաբերություններն են ավարտվում, կյանքն ամբողջովին չի կորցնում իր իմաստը: Գտնվում են նաև այլ գործեր: Նրա արժեհամակարգում հարաբերություններն իրենց տեղն ունեն, բայց պարտադիր չէ, որ դրանք առաջինը լինեն:

«Ինչպես գտնել և չկորցնել նրան».
  • Սիրահարվեք որքան ուզում եք: Սիրահարվածության էտապում ռացիոնալ դատողություններն ու քննադատական մտածողությունը չեն աշխատում:
  • Երբ աչքերի քողն ընկնի, դադարեք վախենալ, որ «ամեն ինչ կփչացնեք»: Մնացեք ձեզ նման:
  • Ասեք, թե ինչը ձեզ դուր չի գալիս:
  • Եթե ասել եք, իսկ ձեզ չեն լսել, մի վախեցեք բաժանվել:
  • Մի վախեցեք մենակ մնալուց: Մի վախեցեք, որ այդպիսի սեր այլևս չի լինի: Եթե ազատ և անկախ անհատականություն լինեք, դեռ կհանդիպեք ձեր մարդուն: Իսկ եթե վախկոտ գտնվեք, կկորցնեք նրան, ում արդեն հանդիպել և սիրել եք:

∴∴∴

Ես դեմ եմ այս ձևով բաժանումներին. «Ես քեզ երբեք չեմ մոռանա, ես քեզ էլ երբեք չեմ տեսնի…», դես ու դեն ընկնելը, տառապանքը, դրաման ու արցունքները, «ես քեզ սիրում եմ, չեմ կարող առանց քեզ ապրել, բայց եթե ինձ հետ այդպես ես վարվում…»:

Չե՞ք կարող ապրել առանց նրա, ուրեմն մի բաժանվեք: Նևրոտիկ հարաբերությունները հենց այն է, երբ առանձին հնարավոր չէ, իսկ միասին ավելի վատ է:

Հարաբերություններից դուրս գալը շատ ավելի հեշտ է, եթե գիտակցում եք, որ դրանք ձեզ դուր չեն գալիս և պետք չեն, որ ձեր սիրո մեջ կարևորը մարդ չէ, այլ կախվածությունը էմոցիաներից: Ընդ որում, ցավոտ էմոցիաներից:

∴∴∴

Նա, ով հոգեպես առողջ է, կողմնորոշվում է դեպի իր զգացմունքները և միշտ ընտրում է իրեն: Ոչ գեղեցկությունը, ոչ էլ սերը զոհեր չեն պահանջում: Իսկ եթե պահանջում են, դա հաստատ այն չէ, ինչ ձեզ պետք է: Չկա այդպիսի նպատակ, հանուն որի արժե հարաբերություններում ինչ-որ բանի համբերությամբ դիմանալ:

Բնօրինակը

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: