3421      0

Օբսեսիվ-կոմպուլսիվ
խանգարման
5 ախտանիշ

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս: Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը:

Օբսեսիվ-կոմպուլսիվ կամ կպչուն-սևեռուն խանգարում (օբսեսիա և կոմպուլսիա տերմիններից): Դրսևորվում է կպչուն, վախեցնող, տագնապ առաջացնող մտքերով (օբսեսիաներ) և դրանց հաջորդող պարտադիր, ապարդյուն գործողություններով և ռիտուալներով (կոմպուլսիա): Հիվանդին թվում է, որ եթե չկատարի այդ գործողությունները, ինչ-որ վատ բան տեղի կունենա:

Հոգեկան հիվանդությունների դասակարգման մեջ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը վերագրում են տագնապային խանգարումներին: Տագնապը գործնականում ծանոթ է բոլորիս, բայց դա չի նշանակում, որ ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ է ստիպված լինում ապրել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապող մարդը: Գլխացավերը նույնպես ծանոթ են բոլորիս, բայց բոլորս չէ, որ գիտենք, թե ինչ է զգում միգրենով տառապողը:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը մարդուն զրկում է նորմալ ապրելու, աշխատելու և ուրիշների հետ հարաբերություններ կառուցելու հնարավորությունից:

«Ուղեղն այնպես է կառուցված, որ կյանքին սպառնացող վտանգների մասին միշտ նախազգուշացնում է մեզ: Բայց օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցողների մոտ ուղեղի այդ համակարգը սխալ է աշխատում, որի արդյունքում նրանք հաճախ տհաճ ապրումների իսկական «ցունամի» են ունենում և ունակ չեն լինում որևէ այլ բանի վրա կենտրոնանալ»,, — բացատրում է Նյու-Յորքի կոգնիտիվ-վարքային հոգեթերապիայի կենտրոնի տնօրեն, հոգեբան Սթիվեն Ֆիլիպսոնը:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կապված չէ ինչ-որ կոնկրետ վախի հետ: Որոշ կպչուն դրսևորումներ լավ ծանոթ են շատերիս: Օրինակ, հիվանդը կարող է անընդհատ լվանալ ձեռքերը, կամ ստուգել, թե արդյոք գազօջախը միացված չէ: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կարող է դրսևորվել նաև պաթոլոգիկ ինչ-որ բան կուտակելու, իպոխոնդրիայի կամ ինչ-որ մեկին վնաս հասցնելու վախի ձևով: Բավականին տարածված է խանգարման այն ձևը, երբ հիվանդին տանջում է իր սեռական օրիենտացիայի հետ կապված կաթվածահար անող վախը:

Ինչպես ցանկացած այլ հոգեկան հիվանդության դեպքում, միայն պրոֆեսիոնալ բժիշկը կարող է ախտորոշել այն: Բայց, այնուամենայնիվ, կան մի քանի ախտանիշներ, որոնք կարող են վկայել հնարավոր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման մասին:

1. Նրանք առևտրի մեջ են իրենք իրենց հետ

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապողները վստահ են, որ եթե մեկ անգամ ևս ստուգեն գազօջախը, կամ ինտերնետում փնտրեն այն հիվանդության ախտանիշները, որով իրենք իբր թե տառապում են, այդ դեպքում վերջապես կկարողանան հանգստանալ: Բայց դա հաճախ խաբուսիկ է:

Գլխուղեղում ծագում են կենսաքիմիական ասոցիացիաներ վախի օբյեկտի հետ: Կպչուն ռիտուալները կրկնելը ավելի է համոզում ուղեղին, որ վտանգն իսկապես իրական է, և դրանով փակվում է արատավոր շրջանը:


Կարդացեք նաև.   Ովքե՞ր են սոցիալական և ասոցիալ փսիխոպաթները


2. Նրանք որոշակի ռիտուալներ կատարելու կպչուն պահանջ են զգում

Եթե ձեզ որոշակի գումար վճարեին, կհամաձայնվեի՞ք արդյոք դադարեցնել սովորական դարձած ռիտուալները (օրինակ, օրը 20 անգամ չստուգել, փակվա՞ծ է արդյոք մուտքի դուռը): Եթե ձեր տագնապը հեշտությամբ կարելի է «գնել», ուրեմն դուք, ամենայն հավանականությամբ, պարզապես սովորականից շատ եք վախենում գողերից, բայց օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում չունեք:

Այդ խանգարումով տառապող մարդու համար ռիտուալը կատարելը կյանքի և մահվան հարց է թվում, իսկ ողջ մնալը դժվար թե հնարավոր լինի գնահատել փողով:

3. Նրանց շատ դժվար է համոզել, որ վախերն անհիմն են

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապողին բնորոշ է «Այո, բայց …» բառակազմությունը («Այո, վերջին երեք անալիզները ցույց տվեցին, որ այդ հիվանդությունը չունեմ, բայց ի՞նչ իմանամ, որ լաբորատորիայում նմուշները չեն չփոթել …»):

Քանի որ հազվադեպ է հնարավոր ինչ-որ բանում բացարձակապես վստահ լինել, ոչինչ չի օգնում հիվանդին հաղթահարել այդ մտքերը, և նա շարունակում է տառապել տագնապներից:

4. Նրանք սովորաբար հիշում են, թե երբ սկսեցին ախտանիշները

«Оբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով հիվանդների մեծ մասը հիշում է, թե երբ դրսևորվեցին առաջին ախտանիշները: Սկզբում առաջանում է պարզապես առանց պատճառների տագնապ, որը հետո վերածվում է ավելի կոնկրետ վախի: Օրինակ, որ ուտելիք պատրաստելիս հանկարծ կարող է ձեռքի դանակով խփել մեկին: Նման պահերի տագնապը և որոշակի միտք միություն են կազմում, որը քանդելը հեշտ չէ», — ասում է Ֆիլիպսոնը:

5. Նրանց կլանում է տագնապը

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապող հիվանդների համարյա բոլոր վախերն իրենց հիմքում որոշակի հիմնավորումներ ունեն: Հրդեհներ իսկապես պատահում են, ձեռքերի վրա իսկապես բազամթիվ բակտերաներ կան: Ողջ հարցը վախի ինտենսիվությունն է:

Եթե կարողանում եք նորմալ ապրել, չնայած ռիսկի այս գործոնների հետ կապված մշտական անորոշությանը, ուրեմն դժվար թե դուք ՕԿԽ ունեք (կամ էլ շատ թեթև դեպք է): Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ տագնապն ամբողջությամբ կլանում է՝ խանգարելով նորմալ ապրել ու գործել:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը դժվարությամբ, բայց կարելի է շտկել: Թերապիայում օգտագործում են դեղեր, այդ թվում որոշ հակադեպրեսանտներ: Այս դեպքում արդյունավետ է նաև հոգեթերապիան, հատկապես կոգնիտիվ-վարքային:


Կարդացեք նաև.   Ի՞նչ է խուճապային գրոհը


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: