1486      0

Սովորեցրեք տղաներին
արտահայտել էմոցիաները

Տղա երեխաներին հաճախ են սաստում, որ չնվնվան, լաց չլինեն, չդժգոհեն՝ թույլ չտալով նրանց արտահայտել առաջացած էմոցիաների ողջ սպեկտրը: Հոգեբաններ Ջ. Գրուբերը և Ջ. Բորելլին ներկայացնում են, թե ինչով է դա վնասակար:

Ջուն Գրուբեր — կլինիկական հոգեբան, Յելի համալսարանի հոգեբանության դասախոս:  Ջեսիկա Բորելլի — Կալիֆորնիայի համալսարան, հոգեբանության և սոցիալական վարքի դասախոս, մասնագիտացած է զարգացման հոգեբանության ոլորտում:

Պատկերացրեք, որ կանգնած եք ընտրություն առջև. ողջ օրը միայն ուրախություն ապրել կամ այն հաջորդել նաև տխրության, տագնապի և հիասթափության պահերով: Մարդկանց մեծ մասն առանց վարանելու ընտրում է առաջին տարբերակը: Հոգեբանները ևս երկար ժամանակ զարգացնում էին այն գաղափարը, որ դրական հույզերը էմոցիոնալ բարեկեցության, սթրեսակայունության և ֆիզիկական առողջության ամրապնդման միջոց են:

Բայց այսպիսի մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Օգտակարը բազմազանությունն է՝ և′ դրական, և′ բացասական էմոցիաներ ունենալը: Բնության էկոհամակարգերը զարգանում են ֆլորայի և ֆաունայի բազմազանության պայմաններում: Հոգեկան աշխարհը գործում է նույն կերպ. ներքին հոգեբանական էկոհամակարգի վրա դրական է անդրադառնում ապրած էմոցիաների բազմազանությունը:

էմոցիաները ճնշելն ազդեցում է ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, առաջացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգ: Այն մեծերն, ովքեր ավելի բազմազան էմոցիաներ են դրսևորում, ավելի հազվադեպ են դեպրեսիայի սիմպտոմներ ունենում և ավելի քիչ ժամանակ անցկացնում հիվանդանոցներում:

Էմոցիաները ճանապարհային նշանների դեր ունեն մարդկային ապրումների քարտեզում: Նրանք գրավում են մեր ուշադրությունը շրջակա միջավայրի կարևոր ասպեկտների վրա, ազդանշան են տալիս վտանգների մասին, ցույց տալիս այն, ինչին պետք է ուշադրություն դարձնել, փոխել, վերլուծել և հասկանալ:

Նույնքան կարևոր է հենց դրական էմոցիաների բազմազանությունը: Պարզում է, այն մարդիկ, ովքեր ունենում են ավելի լայն սպեկտրի դրական էմոցիաներ՝ հանգստություն, զարմանք, ոգևորություն, հպարտություն, ավելի քիչ են բորբոքային հիվանդություններ ունենում: Սա նշանակում է, որ երջանկությունը միակ զգացմունքը չէ, որ դրական ազդեցություն է ունենում ֆիզիկական վիճակի վրա:

Եթե բազմազան էմոցիաներ ունենալն օգտակար է մեծերի համար, տրամաբանական է երեխաների մոտ էմոցիաների լայն սպեկտրի դրսևորումը զարգացնելու կաևորությունը: Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հաճախ մեծերը չեն խրախուսում երեխաների էմոցիաների բազմազանությունը, հատկապես, եթե խոսքը տղա երեխաների մասին է:

Մեծերը նաև տարբեր կերպ են ընկալում տղա և աղջիկ երեխաների էմոցիաները նրանց կյանքի հենց առաջին տարիներից: Մի հետազոտության շրջանակներում մեծերին ցույց են տվել, թե ինչպես են փոքրիկ երեխաները (տղաներ և աղջիկներ) վախենում տուփից դուրս ցատկող խաղալիքից: Ընդ որում, փորձարկվողների մի խմբին ասել էին, թե բոլոր երեխաները աղջիկներ են, իսկ մյուսին՝ տղաներ: Մասնակիցներին խնդրել էին նկարագրել, թե ինչ էմոցիաներ են դիտարկել երեխաների մոտ: Երկրորդ խմբի մեծերը ավելի հաճախ հիշատակել էին զայրույթն ու չարությունը:

Ծնողները նաև տարբեր էմոցիոնալ լեզու են գործածում տղաների և աղջիկների հետ զրուցելիս: Դստեր հետ խոսելիս մայրիկները գործածում են ավելի հարուստ և բարդ լեզու: Որդիների հետ զրույցը հաճախ ֆիքսվում է մեկ էմոցիայի՝ զայրույթի վրա: Մեծերը հիմնականում նկատում են տղաների զայրույթը և նույնիսկ խրախուսում այն:

Մնացած էմոցիաները, հատկապես նրանք, որ կապված են խոցելիության հետ, մեծերն անտեսում են: Ակնհայտ է, որ տղաները մեծանում են ավելի սահմանափակ էմոցիաների աշխարհում: Սա անհանգստացնող է, եթե հաշվի առնենք, որ ըստ Հարվարդի բժշկական դպրոցի անցկացրած հետազոտության արդյունքների, տղա երեխաներն էմոցիոնալ առումով ավելի էքսպրեսիվ են, քան աղջիկները:

Բարձր հուզականությունը սկսվում է մանուկ հասակից և շարունակվում ողջ վաղ մանկություն շրջանում: Այնպես որ, տղաները ստիպված են գործ ունենալ ինտենսիվ և բազմազան էմոցիաների հետ: Բայց ծնողները նախընտրում են անտեսել այդ էմոցիաների մեծ մասը և չեն սովորեցնում իրենց որդիներին գլուխ հանել դրանցից:

Սա իր ազդեցություն է ունենում նրանց էմոցիոնալ զարգացման վրա: Արդեն կրտսեր դպրոցում, զայրույթից զատ, մնացած նեգատիվ էմոցիաներից խուսափելը բերում է տղաների ակադեմիական առաջադիմության հետ կապված խնդիրների:

Իսկ հետագայում, հասուն կյանքում նույնպես տղամարդիկ ավելի շատ են ճնշում իրենց էմոցիաները, քան կանայք: Եվ ավելի շատ տառապում դեպրեսիայի սիմպտոմներով և հաճախ դիմում ֆիզիկական բռնության: Գիտնականները ենթադրում են, որ էմոցիաները կարգավորել չկարողանալը բացատրում է տղամարդկանց մոտ զգացմունքները ճնշելու և ագրեսիվ վարքի միջև եղած կապը: Սա միանգամայն տրամաբանական է: Էմոցիաները կառավարելու հմտությունը յուրացվում է պրակտիկայում, իսկ տղաների մոտ այն պակասում է:

Էմոցիաների բազմազանությունը կարևոր է և՛ տղա երեխաների, և՛ հասուն տղամարդկանց համար: Եթե տղա երեխաները սովորեն, իսկ հետագայում՝ որպես հասուն տղամարդիկ կարողանան լիարժեք արտահայտել և ճիշտ կառավարել իրենց էմոցիաները, կլավանա ոչ միայն նրանց ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը, այլև իրավիճակը ողջ  հասարակությունում:


Կարդացեք նաև. Հոր դերը. 7 կարևոր բացահայտում


Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: