Շարունակություն: Նախորդը. Ագրեսիայի այլընտրանքի հմտություններ
(ըստ Մոսկովյան շրջանի կրթության գործնական հոգեբանության կենտրոնի )
39. Պարտվել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանալ անհաջողությանը համարժեք ձևով արձագանքել, ընկերոջ հաջողությամբ կամ հաղթանակով ուրախանալ:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան պարտվել է խաղը, բ/ երեխան չի կարողացել անել մի բան, որը մեկ այլ երեխայի մոտ ստացվել է:
Երբ հմտությունը ձևավորված չէ. այդպիսի երեխային նախանձը և շուտ վիրավորվելը ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում: Նա առանց հոգնելու և միջոցների միջև տարբերություն դնելու զբաղված է ինքնահաստատմամբ:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կենտրոնացնում է ուշադրությունն իր վրա և տխրում է, բայց դա երկար չի տևում: 2. Ուշադրություն է դարձնում սխալին, կարող է այդ մասին հարցնել մեծին. «Ի՞նչն եմ սխալ արել: Ի՞նչն է պետք հաշվի առնել հաջորդ անգամ»: 3. Այնուհետև, երեխան ուշադրությունը տեղափոխում է հաղթած ընկերոջ կամ նրա կատարած աշխատանքի վրա, և տրամադրությունը լավանում է. «Քո մոտ շատ լավ է ստացվել», «Ինչ գեղեցիկ է քո նկարածը»: 4. Երեխան ուրախանում է նրա հետ, ով հաղթել է:
40. Ուրիշի սեփականության հետ վարվել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է որևէ մեկի իրը վերցնելիս տիրոջից թույլտվություն հարցնել, ուրիշի իրի հետ զգույշ վարվել, որպեսզի այն վերադարձնի անվնաս, պատրաստ է մերժմանը:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխային դուր է գալիս մեկ այլ երեխայի խաղալիքը, բ/ երեխան ցանկանում է մեծից խնդրել վերցնել մի բան, որը շատ է ցանկանում.
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան հետաքրքրվում է, թե ում է պատկանում այն իրը, որից նա ցանկանում է օգտվել: 2. Նա գիտի, որ պետք է թույլտվություն հարցնել տիրոջից. «Կարելի՞ է վերցնել ձեր/քո …»: 3. Նաև չի մոռանում, թե ինչ է պատրաստվում անել և երբ է պլանավորում այն վերադարձնել տիրոջը: 4. Երեխան հաշվի է առնում, թե ինչ են իրեն պատասխանել և, անկախ պատասխանից, ասում է «շնորհակալություն»:
41. Ոչ ասել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է համոզիչ և հաստատուն մերժել մի իրավիճակում, երբ իրեն չի գոհացնում այն, ինչ առաջարկում են:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ ավագ տարիքի երեխաներն առաջարկում են խաբել մեծին կամ հասակակցին, բ/ ավագ տարիքի երեխաները «հրահրում» են առանց ծնողի թույլտվության օգտագործել իրեր, որոնք պատկանում են ոչ միայն իրեն:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակներում, դառնում է այլ երեխաների «դավերի» զոհ:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երբ անընդունելի առաջարկ են անում, երեխան ունակ է ինտուիտիվ զգալ. «Սա ինձ դուր չի գալիս», եթե նույնիսկ չի գիտակցում, թե ինչու (տագնապի և շփոթվածության զգացումների հիման վրա): 2. Եթե առաջարկը մայրիկինը կամ հայրիկինն է, ում նա վստահում է, երեխան կարող է բացատրել, թե ինչու է հրաժարվում: Եթե դա անծանոթ մարդ է, նա ուղղակի հրաժարվում է և հեռանում, ասելով. «Ոչ, դա ինձ դուր չի գալիս»:
42. Մերժմանն ադեկվատ արձագանքել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է հասկանալ, որ ուրիշի կամքն է համաձայնվել կամ առանց մեղավոր զգալու մերժել իր խնդրանքը:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան հասակակցից քաղաքավարի խնդրել է նրա խաղալիքը և մերժում է ստացել, բ/ երեխան խնդրել է մայրիկին նոր համակարգչային խաղ գնել, բայց մայրիկը չի համաձայնվել:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան կպչուն և ագրեսիվ ձևով պահանջում է այն, ինչ ցանկանում է, վիրավորվում և բողոքում է: Չի կարողանում քաղաքավարի խնդրել, նրա խնդրանքները հիշեցնում են պահանջ ու հրաման:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Մերժում ստանալիս երեխան չի ընկնում աֆեկտի մեջ, այլ մտածում և դիմում է կրկին՝ ավելի քաղաքավարի: 2. Եթե նրան նորից են մերժում, կարող է հարցնել, թե ինչու դիմացինը չի ցանկանում կատարել իր խնդրանքը: 3. Երեխան մերժվելիս հակված չէ վիրավորվել, նա գիտի, որ մարդիկ պարտավոր չեն կատարել իր բոլոր խնդրանքները:
43. Անտեսված լինելու իրավիճակը հաղթահարել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է դիմացինին դիմել համագործակցության խնդրանքով, մերժվելու դեպքում իր համար ինքնուրույն զբաղմունք գտնել:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխայի դիմելուն ոչ ոք չի արձագանքում, բոլորը զբաղված են իրենց գործով, բ/ երեխաները չափազանց տարված են խաղով և ուշադրություն չեն դարձնում խաղին մասնակցելու երեխայի խնդրանքին:
Երբ հմտությունը ձևավորված չէ. երեխան շուտ վիրավորվող, կպչուն և կամակոր է, չի կարողանում հասակակիցների մոտ հեղինակություն նվաճել:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երբ ցանկանում է մասնակցել ընդհանուր գործունեությանը, կարող է երեխաներին քաղաքավարի խնդրել այդ մասին: 2. Կարող է կրկնել խնդրանքը, եթե նրան թվում է, որ իրեն չլսեցին: 3. Եթե նրան նորից չեն նկատում, կարողանում է իր համար ինքնուրույն զբաղմունք գտնել:
44. Շփոթվածությունը հաղթահարել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է նկատել անհարմար իրավիճակը, զգալը, որ շփոթված է և փորձել ինչ-որ ձևով շտկել այն:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխային խնդրում են ոտանավոր արտասանել մեծ թվով անծանոթ մարդկանց ներկայությամբ, բ/ երեխան հյուր եղած ժամանակ հյութը թափել է սփռոցին, գ/ երեխան ընդհատել է մեծերի խոսակցությունը և նրան այդ մասին ասել են:
Երբ հմտությունը ձևավորված չէ. երեխան վախենում և խուսափում է հասարակական իրավիճակներից, շփոթվում և լուռ ապրում է ստեղծված անհարմար վիճակը:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Անհարմար իրավիճակում երեխան բնական շփոթվում է, մի գուցե կարմրում, հայացքը խոնարհում: 2. Հասկանում է, թե ինչն է իրեն շփոթեցրել և մտածում է, թե ինչ կարող է անել, որպեսզի հաղթահարի այն: 3. Կամ ներողություն է խնդրում անհարմարության համար, կամ հրաժարվում է ինչ-որ բան անելու առաջարկից, կամ դարձյալ ինչ-որ բան է անում՝ փորձելով շտկել իրավիճակը, այլ ոչ թե վերջնականապես խճճվել:
45. Կուտակված սթրեսը շարժողական ակտիվությամբ հաղթահարել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է լսել ինքն իրեն և զգալ, որ իրեն անհրաժեշտ է լիցքաթափվել, գտնել ֆիզիկապես լիցքաթափվելու ձևը:
Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան շատ է տխրել պարտվելու պատճառով և վազում է խաղահրապարակի շուրջը, բ/ տխրել է, որ իրեն թուլ չեն տվել ֆիլմ նայել և ծեծում է բարձը:
Երբ հմտությունը ձևավորված չէ. ապրելով սթրեսը, երեխան ոչ թե շարժվում, այլ «քարանում» է, որի պատճառով սթրեսը երկար ժամանակ չի անցնում: Այլ դեպքում էմոցիոնալ լիցքաթափումը տեղի է ունենում կամակորության և արցունքների միջոցով:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան զգում է, որ լցված է բացասական էմոցիաներով և պատրաստ է ֆիզիկապես լիցքաթափվել: 2. Նա ակտիվ ֆիզիկական գործողությունների միջոցով լիցքաթափվելու ձև է գտնում. ա/ ծեծում է բարձը, բ/ եռանդուն պարում է, գ/ ինչ-որ այլ բան է անում:
© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: