Շարունակություն: Նախորդը. Զգացմունքների հետ վարվելու հմտություններ
(ըստ Մոսկովյան շրջանի կրթության գործնական հոգեբանության կենտրոնի )
30. Սեփական շահերը խաղաղ ձևով պաշտպանել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է ներկայացնել սեփական տեսակետը, խոսել սեփական կարիքների մասին, համառություն դրսևորել մինչև խնդրանքը բավարարելը կամ փոխզիջման հասնել՝ անտեսելով մեղքի զգացում առաջացնող դիտողությունները:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխան ցանկանում է կենդանաբանական այգի գնալ, ինչը նրան վաղուց խոստացել են ծնողները, բայց ոչ մի կերպ խոստումը չեն կատարում, բ/ երեխան ցանկանում է հեծանիվ քշել, իր հերթն արդեն հասել է, բայց մյուս երեխան չի ցանկանում նրան տալ հեծանիվը:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան կուտակում է անհաջողությունների փորձը: Երբ նրան անտեսում են կամ լուրջ չեն ընդունում, նա դառնում է շուտ վիրավորվող կամ խանդոտ:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան արդեն հասկանում է, թե որքանով է արդարացի այն, ինչն ինքը պահանջում կամ ցանկանում է անել: 2. Նաև հասկանում է, թե ով է խանգարում իրեն անել/ստանալ ուզածը: 3. Կարող է իրեն խանգարողին ասել իր արդարացի պահանջի մասին: 4. Առաջարկում է փոխզիջումներ: 5. Համառորեն և հանգիստ կրկնում է իր պահանջը մինչև ուզածը ստանալը: 6. Եթե խոսքը հասակակցի մասին է, ի վերջո դիմում է դաստիարակի օգնությանը:
31. Դժգոհություն արտահայտել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է հասկանալ և ասել այն, ինչը դուր չի գալիս իրեն: Ինքնարտահայտման այս ձևը կոչվում է «Ես-արտահայտում», որի սխեման հետևյալն է.
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխան ցանկանում է վերցնել մի խաղալիք, որն արդեն վերցրել է այլ երեխա, բ/ երեխան ցանկանում է խաղալ մի տեղում, որն ինչ-որ մեկն արդեն զբաղեցրել է, գ/ երեխային ստիպում են ուտել իր չսիրած շիլան:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան կամ մշտապես զիջում է՝ կորցնելով իր նկատմամաբ հարգանքը, կամ դիմանում է մինչև վերջ, այնուհետև իր շահերը պաշտպանում է ագրեսիվ ձևով:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան չի սպասում մինչև իր համբերությունը սպառվելը, ուղիղ ասում է իր դժգոհության մասին: 2. Ասում է. «Ինձ դուր չի գալիս, երբ …», ընդ որում, նա ոչ մեկին չի մեղադրում: 3. Եթե չի կարողանում բավարարել դժգոհությունը և զգում է, որ լցվում է զայրույթով, հեռանում է, որպեսզի հանգստանա:
32. Թույլտվություն հարցնել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է թույլտվություն հարցնել ուրիշի իրերից օգտվելու համար, կարողանում է շնորհակալություն հայտնել կամ հանգիստ արձագանքել մերժմանը:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխան ցանկանում է գնալ բակ խաղալու, բ/ երեխան ցանկանում է վերցնել մեծին պատկանող որևէ իր:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան կարող է իր վրա ուղղել մեծերի զայրույթը և նույնիսկ գործել գաղտագողի:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. Ստորև ներկայացված են տանից դուրս գալու թույլտվություն ստանալու քայլերը: Նմանատիպ քայլեր կարելի է կազմել ցանկացած այլ թույլտվություն ստանալու համար:
1. Նախքան տանից դուրս գալը, երեխան թույլտվություն է հարցնում ծնողներից կամ մեծերից նրան, ով պատասխանատու է իր համար (այստեղ կարևոր է, որ հարցն ուղղված լինի ոչ թե ցանկացած մեծի, այլ նրան, ով պատասխանատու է նրա համար): 2. Լսում է մեծի պատասխանը և ենթարկվում. ա/ եթե ստանում է թույլտվություն, ասում է «շնորհակալություն» կամ «ցտեսություն», բ/ եթե մեծը թույլ չի տալիս, արտահայտում է իր հիասթափությունը և հարցնում թույլտվություն ստանալու հնարավոր տարբերակները:
33. Հանգիստ արձագանքել կարողանալը, երբ չեն ընդգրկում խմբի ընդհանուր գործունեության մեջ
Հմտության բովանդակությունը. կարողանում է հարցնել մյուսներին միանալու հնարավորություն մասին, հարցնել պատճառները, եթե չեն ընդգրկում խաղի մեջ, առանց վիրավորվելու ինչ-որ բան է առաջարկում ընդհանուր գործին միանալու համար (նոր դեր, իր խաղալիքները):
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխային չեն թողնում միանալ խաղին, որն արդեն միասին խաղում են այլ երեխաներ, բ/ երեխաներն ինչ-որ բան են կառուցում և չեն ցանկանում, որ նա միանա իրենց:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան շատ շուտ է հրաժարվում իր մտադրությունից, հեռանում և իրեն միայնակ է զգում՝ կուտակելով վիրավորանքի փորձը:
Հաճախ վտարվում են հետևյալ երեխաները.
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան, որին խաղի մեջ չեն ընդգրկում, կարող է. ա/ հարցնել, թե ինչու չեն թողնում միանալ խաղին, բ/ մեկ անգամ ևս խնդրել խաղալ նրանց հետ, գ/ առաջարկել դեր, որն ինքը կարող է կատարել խաղում, դ/ մեծին օգնության դիմել: 2. Կրկնակի մերժում ստանալով, երեխան կարող է հարցնել, թե կարող է արդյոք խաղալ նրանց հետ ավելի ուշ: 3. Եթե ասում են «ոչ», կարող է այլ երեխաներ գտնել կամ իր համար զբաղմունք հորինել:
34. Կարողանում է ադեկվատ արձագանքել այն իրավիճակներին, երբ իրեն ծաղրում են
Հմտության բովանդակությունը. կարողանում է հանգիստ վերաբերվել ու պատասխանել ծաղրողին:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխայի վրա ծիծաղում են հասակակիցները նրա սովորությունների, արտաքինի, հետաքրքրությունների հետ կապված, բ/ վարքի կամ արտաքինի հետ կապված ծնողները ծաղրում են սեփական երեխային:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան վիրավորվում է և իրեն զգում «սպիտակ ագռավ», միայնակ և վատը:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարողանում է հաղթահարել սկզբնական «հարվածը» և վերականգնել հավասարակշռությունը: 2. Կարող է հարցնել ինքն իրեն. «Պետք է՞ արդյոք հավատամ նրան, ինչ ասաց վիրավորողը»: 3. Սադրանքին պատասխանելու պատրաստակամություն է դրսևորում (առաջինը ծաղրել սկսելը լավ չէ, բայց ծաղրանքին պատասխանել կարելի է և պետք է): 4. Իրավիճակի ավարտին երեխան գոհ է իրենից:
35. Հանդուրժողականություն դրսևորելու կարողություն
Հմտության բովանդակությունը. պատրաստ է այլ երեխաների ընդունել այնպիսին, ինչպիսին կան և փոխհարաբերությունների մեջ մտնել նրանց հետ: Ներառում է կարեկցանք դրսևորելու ունակությունը:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ բակում հանդիպել է ֆիզիկական թերություն ունեցող երեխայի, բ/ խմբում այլ ազգության երեխա կա:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան դաժան է, մեծամիտ, սադրիչ վարք ունի:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան նկատում է, որ ինչ-որ մեկը նման չէ իրեն և մյուս երեխաներին: Նա կարող է խոսել այդ մասին, հարցնել մեծին: 2. Աստիճանաբար, հաճախ մեծի օգնությամբ, կարող է զգալ, որ այդ տարբերություններն այնքան էլ էական չեն: 3. Կարող է նաև նկատել իր և տարբերվող երեխայի միջև եղած նմանությունները, այդ մասին ասել մեծին: 4. Շփվել այդ երեխայի հետ այնպես, ինչպես մյուսների հետ:
36. Կարողանալ ընդունել սեփական ընտրության հետևանքները (սեփական սխալի նկատմամբ վերաբերմունքը)
Հմտության բովանդակությունը. կարողանում է խոստովանել, որ սխալվել է և չվախենալ սխալներից:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխան գնացել է զբոսնելու առանց մեծերի թույլտվությունը հարցնելու, բ/ երեխան չի ցանկացել կիսել խաղալիքները մյուսների հետ, իսկ նրանք, ի պատասխան, նրան խաղի մեջ չեն վերցրել, գ/ երեխան առանց թույլտվության մանկապարտեզից տուն է բերել ուրիշի իրը:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան սկսում է խորամանկել և խաբել, որպեսզի խուսափի սեփական մեղքն ընդունելուց: Կամ էլ մշտապես իրեն մեղավոր է զգում (նևրոտիկ զարգացում):
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարողանում է սխալին վերաբերվել որպես հնարավոր երևույթի. «Ես սխալվել եմ: Դա նորմալ է, բոլորն էլ սխալվում են»: 2. Կարող է ինքնուրույն (թեկուզ ոչ անմիջապես կոնֆլիկտից հետո) ասել, թե իրեն ինչ է սովորեցրել սխալը. «Ես այլևս այդպես չեմ անի, որովհետև …»: 3. Նա կարող է իրենը դարձնել մեծի վերաբերմունքը սխալին և ասել. «Հիմա ես գիտեմ, թե ինչպես չի կարելի անել»:
37. Անտեղի մեղադրանքներին արձագանքել կարողանալը
Հմտության բովանդակությունը. կարողանում է զգալ, թե արդյո՞ք մեղադրանքն արդարացի է և ասել իր անմեղ լինելու մասին:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ դաստիարակը մեղադրում է երեխային մի արարքի համար, որը կատարել է մեկ այլ երեխա, բ/ ծնողները մեղադրում են երեխային կորցնելու համար այն իրը, որն իրենք են դրել ինչ-որ տեղ և մոռացել այդ մասին:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան չի կարողանում պաշտպանել իրեն, սովորում է իրեն մեղավոր զգալ ցանկացած իրավիճակում (նևրոտիկ զարգացում):
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարող է ինտուիտիվ զգալ, թե արդյո՞ք իրեն արդարացի են մեղադրում: 2. Կարող է համարձակություն ունենալ ասել, որ մեղավոր չէ, և իրեն անարդարացի են մեղադրում: 3. Պատրաստ է լսել, թե ինչպես է մեծը բացատրում իր տեսակետը: 4. Եթե համաձայն է մեղադրանքի հետ, հասկացնել է տալիս այդ մասին, նույնիսկ կարող է շնորհակալություն հայտնել: Եթե համաձայն չէ, ասում է մեծին, որ միևնույն է, մեղադրանքն անարդարացի է համարում:
38. Կարողանում է արձագանքել այն իրավիճակին, երբ մեղավոր է
Հմտության բովանդակությունը. կարողանում է գնահատել, թե մեղավոր՞ է արդյոք ինքը ստեղծված իրավիճակում: Եթե մեղավոր է, իրավիճակը շտկելու միջոցներ գտնել (ներողություն խնդրել, ուղղել):
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը դրսևորվում է. ա/ երեխան կոտրել է մայրիկի ծաղկամանը, բ/ մանկապարտեզում երեխան չի ցանկանում քնել և թռչկոտում է մահճակալի վրա, երբ դաստիարակը դուրս է եկել:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան սկսում է հորինել, խորամանկել և խաբել, որպեսզի խուսափի իր մեղքն ընդունելուց:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան հասկանում է, թե ինչում են իրեն մեղադրում և կարող է դիմակայել մեղադրանքին: 2. Եթե մեղավոր է, ընտրում է մի բան, որը կարող է շտկել իրավիճակը. ա/ ներողություն խնդրել, բ/ հավաքել իր թափածը և այլն:
3. Գործում է № 36 ունակությանը համապատսախան:
Շարունակությունը. Սթրեսը հաղթահարելու հմտություններ
© 2022 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: