Շարունակություն: նախորդը. Հասակակիցների հետ շփման հմտություններ
(ըստ Մոսկովյան շրջանի կրթության գործնական հոգեբանության կենտրոնի )
22. Հիմնական զգացմունքներն արտահայտելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է արտահայտել զգացմունքները, բայց առայժմ առանց ինքնուրույն գիտակցելու: Տվյալ տարիքում հենց մեծահասակն է մեկնաբանում երեխային, թե ինչ է տեղի ունենում նրա հետ ուժեղ ապրումներ ունենալիս՝ անուն տալով նրա զգացմունքներին և օգնելով հաղթահարել դրանք:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ պարապմունքի ժամանակ դաստիարակը խնդրում է երեխաներին ցույց տալ հիմնական զգացմունքներից մեկը:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան շփոթում է զգացմունքները կամ սկսում է իրեն ցուցադրաբար պահել, չի հասկանում ուրիշների զգացմունքները:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարողանում է հիշել, թե երբ է ունեցել այս կամ այն զգացմունքը: 2. Կարողանում է այդ զգացմունքն արտահայտել դեմքով, մարմնով, դիրքով, ձայնով:
23. Զգացմունքներն արտահայտելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է արտահայտել ինչպես դրական (ուրախություն, հաճույք), այնպես էլ հասարակության կողմից բացասական գնահատվող (բարկություն, տխրություն, նախանձ) զգացմունքները:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան բարկացած է, բղավում, ոտքերով դոփում է, բ/ երեխան ուրախ վազում է սիրելի տատիկին ընդառաջ:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան զգացմունքներն արտահայտում է ոչ ադեկվատ:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երբ երեխան զգում է, որ իր հետ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում, կամ խիստ հուզված է, դիմում է մեծին: 2. Կարողանում է նրան պատմել, թե իր հետ ինչ է կատարվում:
24. Ուրիշի զգացմունքները հասկանալու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է այլ մարդու նկատմամբ ուշադրություն դրսևորել, նրա՝ այդ պահին զգացածը ինտուիտիվ (ձայնի տոնից, մարմնի դիրքից, դեմքի արտահայտությունից) հասկանալ և իր կարեկցանկն արտահայտել:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան տեսնում է, որ մեծը խիստ անտրամադիր է, բ/ երեխան տեսնում է, որ հասակակիցն ինչ-որ բանից տխուր է:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան ուշադրություն չի դարձնում դիմացինի վիճակին, նրա հետ իրեն պահում է առանց նրա վիճակը հաշվի առնելու:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան ուշադրություն է դրաձնում այն մարդուն, ով խիստ հուզված է, կամ, ընդհակառակը, մտահոգված: 2.Կարողանում է ինտուիտիվ զգալ, թե ինչ է զգում հիմա դիմացինը: 3. Եթե մեկն իրեն վատ է զգում, կարող է մոտենալ, օգնություն առաջարկել կամ հարցնել. «Ինչ-որ բա՞ն է պատահել», «Դու տխրե՞լ ես», կամ կարեկցանկն արտահայտել առանց խոսքերի (շոյել, փաթաթվել):
25. Կարեկցելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է կարեկցել և աջակցություն ցույց տալ դիմացինին, երբ նա անհաջողության մեջ է:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան տեսնում է, որ մայրն ինչ-որ բանից անտրամադիր է և փորձում է մխիթարել նրան, բ/ երեխան տեսնում է, որ հասակակիցը վատ տրամադրություն ունի և փորձում է նրան համատեղ խաղի մեջ ընդգրկել:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան իրեն եսասերաբար և անտարբեր է պահում ուրիշների նկատմամբ, հեռանում է այն իրավիճակից, որտեղ ինչ-որ մեկը վատ վիճակում է:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան նկատում է, որ ինչ-որ մեկն իր կարեկցանքի կարիքն ունի, 2. Կարող է ասել. «Օգնե՞մ քեզ»: 3. Կարող է այդ մարդու համար ինչ-որ հաճելի բան անել:
26. Սեփական զայրույթը կառավարելու կարողություն:
Հմտության բովանդակությունը. կարողանում է գիտակցել, որ զայրացած է, կանգ առնել և մտածել, իրեն «հանգստանալու» հնարավորություն տալ, կարողանում է այլ մարդու նկատմամբ իր զայրույթն արտահայտել հասարակության կողմից ընդունելի ձևերով կամ իր զայրույթը հաղթահարելու այլ ձևեր գտնել (վարժություն, հեռանալ իրավիճակից):
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան ինչ-որ բան է կառուցել ավազից, իսկ հասակակիցն այն քանդել է, բ/ մայրիկը թույլ չի տալիս երեխային դիտել իր ուզած հաղորդումը, գ/ դաստիարակը երեխային մեղադրում է մի բանում, ինչը նա չի արել:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան համարվում է ագրեսիվ, դյուրագրգիռ, իմպուլսիվ, կոնֆլիկտային:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարողանում է կանգ առնել (ինքն իրեն «ստոպ» ասելով), կամ մինչև տասը հաշվելով, կամ էլ այլ միջոց է գտնում, որպեսզի «հանգստանա» և մտածի: 2. Երեխան կարողանում է իր զգացմունքներն արտահայտել հետևյալ ձևերից մեկով. ա/ դիմացինին ասել, թե ինչու է բարկանում նրա վրա, բ/ հեռանալ իրավիճակից (սենյակից դուրս գալ, թաքնվել, որպեսզի այնտեղ հանգստանա):
27. Ուրիշի զայրույթին արձագանքելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է հասկանալ, թե ինչ պետք է անել զայրացած մարդու հանդիպելիս (փախչել, մեծի օգնությանը դիմել, հանգիստ պատասխանել և այլն), ունակ է ճիշտ որոշում կայացնելու համար պահպանել հանգստությունը: Կարող է մարդուն մինչև վերջ լսել, հարցնել նրա բարկության պատճառը:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան մեղավոր է, և մեծը խիստ զայրացել է նրա վրա, բ/ երեխան փողոցում հանդիպել է աֆեկտի վիճակում գտնվող մարդու, գ/ հասակակիցը բղավում է երեխայի վրա իր տարածք մտնելու համար:
Երբ հմտությունը ձևավորված չէ, ռիսկ կա, որ երեխան, չկարողանալով պաշտպանել ինքն իրեն, կարող է հոգեկան տրավմա ստանա (չափազանց մեծ, կուտակված անօգնականության զգացում):
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Զայրացած մարդու հանդիպելիս երեխան կարող է պաշտպանել ինքն իրեն, բ/ փախչել, եթե դա անծանոթ մարդ է, գ/ օգնության դիմել իրեն ծանոթ որևէ մեծի, դ/ հանգիստ պատասխանել նրան: 2. Եթե երեխան որոշել է հանգիստ պատասխանել, նա մինչև վերջ լսում է, թե ինչ է ուզում ասել դիմացինը, չի ընդհատում և չի սկսում արդարանալ: Որպեսզի այդ ընթացքում պահպանի հանգստությունը, նա կարող է մտքում ասել հետևյալ ֆրազը. «Ես կարող եմ հանգիստ մնալ»: 3. Լսելով դիմացինի ասածը, նա. ա/ շարունակում է լսելը, կամ բ/ հարցնում է, թե ինչու է դիմացինը բարկանում, կամ գ/ դիմացինին առաջարկում է խնդիրը լուծելու որևէ միջոց, դ/ հեռանում է իրավիճակից, եթե զգում է, որ ինքն էլ է սկսում բարկանալ:
28. Վախերը հաղթահարելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է որոշել, թե որքանով է վախն իրական, ունակ է հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել վախը, ում կարելի է դիմել օգնության:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան ֆիլմ է դիտել, որտեղ ինչ-որ բան նրան վախեցրել է, բ/ երեխան սարսափելի երազ է տեսել, գ/ երեխան վախենում է արտասանել մանկական հանդեսի ժամանակ, դ/ երեխային վախեցրել է շունը:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան կարող է տարբերել, արդյո՞ք վտանգ նիրական է, թե այն միայն գրքում է, ֆիլմում, երազում: 2. Եթե դա երևակայական վախ է, երեխան ինքն իրեն կարող է ասել, որ դա հորինված է, այն միշտ կարելի է դադարեցնել՝ փակել գիրքը, անջատել համակարգիչը, հեռուստացույցը, իր բարձը համարել վախը և ծեծել նրան: 3. Եթե դա իրական վախ է, երեխան կարող է. ա/ մեծի մոտ պաշտպանություն գտնել, բ/ գրկել իր սիրելի խաղալիքը, գ/ իրեն քաջալերող երգ երգել, որպեսզի թույլ չտա, որ «վախը» վախեցնի իրեն:
29. Տխրելու կարողություն
Հմտության բովանդակությունը. կարողանում է տխրել, երբ ինչ-որ լավ, կարևոր, սրտին մոտ բան է կորցրել: Իրեն թույլ է տալիս տխրել և լաց լինել՝ առանց արցունքները թուլության դրսևորում համարելու: Լաց լինելն ու տխրելը բնական է, բայց որոշ ծնողներ երեխայի կյանքում արցունքների արգելք են մտցնում և թույլ չեն տալիս նրան տխրել:
Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել. ա/ երեխան կորցրել է սիրելի խաղալիքը, բ/ շատ մոտ ընկերը տեղափոխվել է այլ քաղաք, գ/ մահացել է երեխայի մտերիմներից մեկը:
Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան, ով չի տխրում կորցրածի համար, դառնում է ինքնամփոփ, կոպիտ ու չարացած:
Տվյալ հմտությունը կազմող քայլերը. 1. Երեխան հիշում է կորցրածը, խոսում այն մասին, թե ինչ լավ բան կար այդ մարդու, կենդանու, խաղալիքի հետ կապված: 2. Տխրում և երբեմն լաց է լինում:
Շարունակությունը. Ագրեսիայի այլընտրանքի հմտություններ
© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: