1198      0

Երեխայի հետ
դասերը չսովորելու
5 պատճառ

Ամեն երեկո երեխայի հետ ժամերով դասերն եք պատրաստում: Լավ գիտեք, թե ինչ են հանձնարարել նրան, միասին նախապատրաստում եք ներկայացվելիք նյութերը, նրա փոխարեն պատրաստում ձեռքի աշխատանքները, երբ նա արդեն քնած է: Ծնողները միշտ էլ գտնում են տնային առաջադրանքներում երեխային օգնելու պատճառներ: Հոգեբան Լ. Սուրկովան ներկայացնում է  5 փաստարկ, թե ինչու չպետք է դա անել:

1. Դպրոցը երեխայի պատասխանատվության ոլորտն է

Ծնողները վաղուց արդեն ավարտել են դպրոցը: Հիմա սովորում են երեխաները: Դպրոցը նրանց պատասխանատվության ոլորտն է: Նույնիսկ եթե խոսքն առաջին դասարանցու մասին է:

Որ դասարանում էլ որ սովորի երեխան, ուսումնական տարվա սկիզբը ճիշտ ժամանակն է, որպեսզի դադարեցնեք նրան որպես մանուկ ընկալել: Փոխանցեք նրան դպրոցական պայուսակը հավաքելու և տնային առաջադրանքները կատարելու իրավունքը:

Իհարկե, սկզբնական շրջանում հնարավոր են և´ երկուսներ, և´ դիտողություններ: Բայց վաղ թե ուշ, դպրոցականը պետք է հասկանա, որ ինքն է սովորողը, այլ ոչ թե ծնողը:

2. Ուսումը ողջ կյանքը չէ: Խնայեք նյարդերը

Քանի՞ ընտանեկան դրամաներ են տեղի ունենում ուսման պատճառով: Իսկ արդեն մեծացած երեխաներն էլ հիշում են, թե ինչպես էին մայրիկը կամ հայրիկը իրենց հետ մինչ ուշ գիշեր նստում մաթեմատիկան սովորելու համար և ստիպում, ստիպում, ստիպում….

Բայց դպրոցն ընդամենը կյանքի էտապներից մեկն է: Այն չպետք է գտնվի ծնողների և երեխաների միջև: Եթե շարունակ կանգնեք երեխայի գլխին, նրան գիտելիքների նկատմամբ սեր չեք ներարկի: Այդ ձևով կարելի է միայն սպանել երեխայի սովորելու ցանկությունը և փչացնել նրա հետ հարաբերությունները:

3. Դուք անպատասխանատու կատարող եք մեծացնում

Տնային առաջադրանքները համատարած հսկելն օգնում է մեծացնել ամեն ինչ միայն ցուցումներով կատարող, ոչ ինքնուրույն, հեշտությամբ  մանիպուլյացիաների ենթարկվող մարդ: Այդպիսի երեխան լավ կատարող կլինի, բայց չի սովորի որոշումներ ընդունել և իր վրա պատասխանատվություն վերցնել: Այդ թվում նաև չսովորած դասերի համար:

Շատ կարևոր դաստիարակչական պահ է, երբ երեխան ինչ-որ բան չի սովորել, երկուս է ստացել և համապատասխան հետևություններ արել: Ընդ որում, նրա փոխարեն առաջադրանքները չանելը չի նշանակում ամբողջովին հեռու քաշվել: Կարելի է կատարածը ստուգել, կարելի է և անհրաժեշտ օգնել հասկանալ դժվար հարցը: Այնուհետև թողեք, որ ինքն ինքնուրույն անի:

Հակառակ դեպքում, երեխան այդպես էլ չի սովորի խնդիրներ լուծել և շարադրություններ գրել: Իսկ երկուսն ընդամենը գնահատական է, հաճախ նաև սուբյեկտիվ: Բոլոր դեպքերում, կարևորը գիտելիքներն են, ոչ թե գնահատականները:

4. Ավելի լավ է երեխա ժամանակ սովորել ճիշտ բաշխել ժամանակը և ծանրաբեռնվածությունը

Ժամանակակից երեխաները հաճախ բարդ հարաբերություններ ունեն ժամանակի հետ: Նրան միշտ չէ, որ այն «զգում» են, որովհետև իրենց օրվա գրաֆիկը կազմում են ուսուցիչներն ու ծնողները: Նրանք էլ հետևում են, որ այն կատարվի: Արդյունքում, երեխան մինչ գիշեր տքնում է դասերի վրա ոչ այն պատճառով, որ առաջադրանքները չափազանց շատ են, այլ որովհետև չի կարողանում ճիշտ բաշխել իր ժամանակը:

Այս դեպքում ծնողների օգնությունն արջի ծառայություն է: Պարտրաստ ե՞ք արդյոք հետագայում համալսարանում էլ նրա փոխարեն ռեֆերատ, կուրսային և դիպլոմային աշխատանք գրել: Չէ՞ որ այնտեղ էլ են շատ առաջադրանքներ տալիս:

Որպեսզի երեխան սովորի ճիշտ կատարել դասերը, ոչ թե հսկող ծնող պետք, այլ սեղան, աթոռ և ժամացույց: Ամեն առարկայից տնային առաջադրանքին կոնկրետ ժամանակ պետք է տրամադրել: Չի հասցրել, միևնույն է, անցնում է հաջորդ դասին: Այսպես դպրոցականը կսովորի ճիշտ օգտագործել ժամանակը:

Իսկ եթե այդ խնդիրը ծագում է ողջ դասարանի մոտ, ուրեմն պետք է դիմել դպրոցի պատասխանատուին, որպեսզի նրանք վերանայեն ծանրաբեռնվածությունը:

5. Դուք ժամանակ կխնայեք ձեզ համար

Երբ երեխան ինքնուրույն է սովորում դասերը, ծնողներն ազատ ժամանակ են ունենում: Ամենայն հավանականությամբ, նրանք կգտնեն ինչի վրա ծախսել այն մի քանի ժամը, որ նախկինում անցկացնում էի տետրերի վրա:

Ժամանակի ընթացքում, տնային աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում,  դպրոցականի մոտ ևս ժամանակ կազատվի ակտիվ հանգստի համար: Իսկ «Դասերդ սովորե՞լ ես…» թեմայով խոսակցություններն անցյալում կմնան:

Հեղինակ՝ հոգեբան Լ. Սուրկովա

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: