866      0

Աշխատունակությունը պահպանելու հիմնական կանոնները

George Halachev-ի հոդվածն այն մասին, թե աշխատունակության հետ կապված խնդիրներ ունենալիս  ինչին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին:

Պատկերացրեք նոր ու կատարյալ մի ավտոմեքենա, որի յուրաքանչյուր դետալ հասցված է իր առավելագույն արտադրողականությանը: Տեխնիկայի լավագույն ստեղծագործություն, որը երբևէ տեսել եք:

Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ մեքենայի անիվները մաշված են: Չի բավարարում շարժիչի յուղը: Օգտագործում եք էժանագին վառելիք, մարտկոցն էլ հին է ու ամեն օր շարքից դուրս է գալիս: Ի՞նչ եք կարծում, այդ մեքենան ձեզ լա՞վ կծառայի:

Աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր այդ ձևով խոշտանգում են իրենց մեքենան: Բայց հաճախ մենք հենց այդպես էլ վերաբերվում ենք մեր օրգանիզմին ու միևնույն ժամանակ սպասում, որ այն լավ աշխատի: Ուշադրություն չենք դարձնում մեր օրգանիզմի հիմնական պահանջմունքներին և զարմանում ենք, թե ինչու չենք կարողանում ամեն օր բարձր պահել մեր կենտրոնացվածությունը և մոտիվացիան:

Եթե իսկապես ցանկանում եք լավացնել աշխատունակությունը, ժամանակն է դադարեցնել այդ նպատակի համար ինչ-որ խրթին միջոցներ փնտրելը: Կազմակերպվածությունը, թայմ-մենեջմենթը և տարբեր տեսակի հավելվածները դեռևս սպասվող արդյունքները չեն տվել:

Դուք շատ ավելի մեծ օգուտ կստանաք, եթե դրա փոխարեն կենտրոնանաք ձեր օրգանիզմի աշխատանքի հիմնական սկզբունքների վրա: Վերջին հաշվով, որքան էլ լավ պլանավորեք ձեր ժամանակը, որքան էլ կազմակերպված լինեք, ձեզ չի հաջողվի շատ բան անել, եթե ֆիզիկապես հիվանդ եք կամ հուզականորեն ճնշված:

Եկեք տեսնենք, թե որոնք են այդ հիմնական պահանջմունքները, ի՞նչ է պետք ձեր օրգանիզմին առաջին հերթին, որպեսզի կարողանաք կենտրոնացած, եռանդուն և մոտիվացված լինել:

Սնունդը

Դիետաների մեծ մասն ուղղված է քաշի իջեցմանը: Իսկ ի՞նչ կասեք էներգիայի և ուշադրության մասին: Արդյո՞ք ձեր ամենօրյա սնունդը ձեզ դարձնում է ավելի եռանդուն: Սնվելուց հետո մտքերը պարզվում ե՞ն, թե՞ դառնում եք դանդաղ և քնկոտ:

Ես նկատել եմ աշխատունակության հսկայական տարբերություն, երբ ուտում եմ առողջ սնունդ ֆաստ-ֆուդի փոխարեն: Եթե դուք ևս դեռ նման հետևության չեք եկել, մի պարզ փորձ անցկացրեք: McDonalds-ում մի լավ ուտելուց հետո փորձեք մի քանի ժամ արդյունավետ աշխատել: Իսկ հետո նույն բանն արեք լավ բալանսավորված, օրգանական սննդից հետո: Ուշադրության կենտրոնացման և էներգիայի տարբերությունը հսկայական է:

Իհարկե, դա կարճատև արդյունք է: Բայց երկարաժամկետ հեռանկարում սնունդն ունի նույն կուտակային էֆեկտը, ինչպես քաշի անառողջ ավելանալը: Մեկ շաբաթ առողջ օրգանական սննդից հետո ձեր կենտրոնացվածությունը և էներգիան զգալիորեն լավանում են:

Սնունդը վառելիք է, որն օրգանիզմն օգտագործում է էներգիա ստանալու համար: Ինչպես և ավտոմեքենան, ձեր օրգանիզմը լավ չի աշխատի, եթե անորակ վառելիք օգտագործի: Այնպես որ, սնվելիս մտածեք ոչ թե քաշի, այլ այն մասին, թե որքանով է այդ սնունդն օգնում հասնել  առավելագույն աշխատունակության:

Ջուրը

Բավարար քանակությամբ ջուր ստացող օրգանիզմը նման է լավ յուղված մեքենայի: Դրա շնորհիվ օրգանիզմի բոլոր համակարգերն աշխատում են համաձայնեցված:

Դա ուղղելը շատ հեշտ և պարզ է: Որպեսզի բավարար քանակությամբ ջուր խմեք, օրվա ընթացքում անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե: Այնուամենայնիվ, շատերը խնդիր ունեն այս սովորությունը պահպանելու հարցում: Ահա մի քանի խորհուրդ, որը կօգնի ձեզ ամեն օր ստանալ այդքան անհարժեշտ H2O –ն:

Որքա՞ն է անհարժեշտ: Օրական 8 բաժակը տարածված խորհուրդ է, բայց կարծում եմ, որ դա մոլորություն է: Այստեղ շատ փոփոխականներ կան: Օրինակ, եթե շատ եք չոր սնվում, բնականաբար, ձեզ ավելի շատ է ջուր անհրաժեշտ, քան մրգերով և բանջարեղենով սնվելու դեպքում: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ շատ շոգ է եղել, և ողջ օրը քրտնել եք:

Շատ պարզ ձև կա իմանալու, թե արդյո՞ք բավարար քանակի ջուր եք խմում: Ստուգել մեզը (գիտեմ, հաճելի չէ): Եթե այն պարզ է ու առանց հոտի, նշանակում է, որ դուք ձեզ ճիշտ եք պահել: Իսկ եթե հակառակը՝ ուրեմն անհրաժեշտ է ավելացնել ջրի քանակը:

Ջրով շիշը միշտ ձեր մոտ պահեք: Հյուրասենյակում: Ննջասենյակում: Մեքենայում: Աշխատավայրում: Տվյալ պահին ճիշտ որոշում կայացնելու համար պետք չէ հույս դնել կամքի ուժի վրա: Եթե նույնիսկ շատ ծարավ եք, ավելի շուտ կանտեսեք դա, եթե տվյալ պահին ձեռքի տակ ջուր չկա:

Ինքս էլ բազմաթիվ անգամ գիշերվա կեսին արթնացել եմ խիստ ծարավից, բայց ծուլացել եմ խոհանոց գնալ: Արդյունքը միշտ եղել է նույնը՝ առավոտյան արթնացել եմ կարծես ջրազրկված: Այնպես որ, պատրաստվեք ընդամենը մի քանի րոպե և, ձեռքի տակ եղած ջրով շիշը կօգնի ճիշտ որոշում կայացնել:

Փոքրիկ կումեր: Եթե ընդհանրապես ջուր քիչ եք խմում, ձեզ համար դժվար կլինի դրա քանակը միանգամից ավելացնել: Ստիպելով ջուր խմելը վիճակն ավելի է վատացնում, որովհետև շատ շուտով ձեր մոտ դրանից կարող է սրտխառնոց սկսվել:

Այդպես լարվելու փոխարեն, ընդամենը ժամանակ առ ժամանակ ջրից մի կում արեք: Եթե նույնիսկ խմելու ցանկություն չունեք, ստիպեք ձեզ այդ մի փոքր կումն անել:

Բացի այդ, մի փորձեք հենց առաջին օրը, թեկուզ փոքր կումերով, 3 լիտր ջուր խմել: Սկսեք ավելի փոքր քանակից և ամեն օր առաջ գնացեք:

Ֆիզիկական վարժությունները

Եթե ամեն օր մարզվում եք և հանկարծ մի օր դադար եք տալիս, ֆիզիկապես մեծ տարբերություն չեք զգա: Ձեզ նույնիսկ կարող է թվալ, թե այդպես կարողացել եք աշխատանքին ավելի շատ ժամանակ հատկացնել: Այսինքն, տրամաբանորեն ձեր աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրանա, որովհետև «ժամանակ չեք վատնել» ֆիզիկական վարժությունների վրա:

Սա ծուղակ է, ուր ընկնում են շատերը (այդ թվում նաև ես): Բանն այն է, որ աշխատունակության անկումը նկատում ենք ոչ միանգամից: Դա տեղի է ունենում աստիճանաբար:

Երբ դադարեցնում ենք մարզվելը, մեր օրգանիզմն սկսում է օր-օրի ավելի ու ավելի վատ աշխատել: Երկու շաբաթ անց, արթնանալով, կարող եք զարմանալ, թե ինչու ցանկություն չունեք այդ օրը որևէ բան անել և ընդհանրապես էներգիա չունեք:

Դրա լավ օրինակը մեքենայի մարտկոցն է: Եթե ուզում եք, որ մարտկոցը լավ աշխատի, պետք է մեքենան հաճախակի օգտագործեք, որպեսզի այն լիցքավորված լինի: Նույնն էլ ձեր օրգանիզմն է. եթե ցանկանում եք էներգիա ստանալ, մշտապես օգտագործեք այն, որպեսզի բոլոր համակարգերը լավ աշխատեն:

Քունը

Արդյունավետ աշխատանքի համար վերը նշված բոլոր գործոններն էլ որոշիչ նշանակություն ունեն, բայց եթե պետք լիներ ընտրել ամենաազդեցիկը, ես կանվանեի քունը: Աշխատունակությունը բարձրացնելու նպատակով ես աշխատում եմ տարբեր մարդկանց հետ: Անկասկած, քնի պակասը նրանց ամենատարածված խնդիրն է:

Այստեղ մենք գործ ունենք այնպիսի մոլորության հետ, ինչպիսին ֆիզիկական վարժությունների դեպքում էր: Մենք չենք ցանկանում թանկարժեք ժամանակը «ծախսել» քնի վրա, երբ կարելի է դրա փոխարեն որևէ օգտակար բան անել: Այս ձևով իրավիճակը բարդանում է, քանի որ քնի պակասը դառնում է սովորական: Մեր աշխատունակություն նվազում է հենց քնի պակասի պատճառով, բայց մենք նույնիսկ չենք նկատում դա, որովհետև այդ վիճակը մեր համար սովորական է:

Դրա փոխարեն քնի մասին մտածեք այնպես, ինչպես մեքենայի տեխնիկական սպասարկման: Որքան ժամանակ և ջանքեր եք տրամադրում մեքենայի սպասարկմանը, այդպես էլ ժամանակ հատկացրեք ձեր օրգանիզմի տեխնիկական սպասարկմանը:

Այնպես որ, եթե նույնիսկ թայմ-մենեջմենթից և օպտիմալացումից հետո ձեր աշխատունակությունն ու արդյունավետությունն ընկնում են, առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր օրգանիզմի բազային պահանջմունքներին: Իսկ եթե դրանցից մի քանիսն են գտնվում վատ վիճակում, սկսեք ամենավատից: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ ձեր աշխատունակության խոցելի տեղն է:

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: