1638      0

Ծնողների պատմությունը
դրոշմված է
երեխայի մարմնում

Անբացատրելի փորացավեր, ասթմա, հաճախակի անգինա… Հոգեվերլուծող Վիլլի Բարալը համոզված է, որ այսպիսի սիմտոմներով երեխան կարող է արտահայտել այն, ինչի մասին նրա ընտանիքի նախորդ սերունդները մշտապես լռել են:

Վիլլի Բարալ (Willy Barral) – հոգեվերլուծող, Ֆրանսուազա Դոլտոի* աշակերտը: Նաև զբաղվել է Յունգյան վերլուծությամբ: 

Երեխաների հոգեմարմնական խանգարումներն արտահայտում են իրենց ծնողների չլուծված խնդիրները ոչ թե բառերով, այլ հիվանդության սիմպտոմներով

Ցանկացած հիվանդություն բառերով չարտահայտված ցավ ու տառապանք է և բոլոր դեպքերում բուժում է պահանջում: Հիվանդությունները պետք չէ դասակարգել կամ տարբեր խմբերի բաժանել: Մարմինը և հոգին ամբողջություն են: Մարմինը մտածում է, խոսում ու ցանկանում, իսկ հոգին մարմնավորված է մարմնում: Այդ պատճառով, մարմնի բուժումը չպետք է բացառի հոգու բուժումը:

Հոգեմարմնական խանգարումները չեն ենթարկվում դասական դեղորայքային բուժման, բայց դրանք երևակայական, մտացածին հիվանդություններ չեն, այլ միանգամայն ռեալ: Այս հիվանդություններն արտահայտում են այն տառապանքը, որն արտահայտվելու այլ միջոցներ չի գտնում, բացահայտում են այն պատմությունները, որոնց մասին ինչ-ինչ պատճառներով չի խոսվել:

Երբ երեխան տառապում է բուժման չենթարկվող խրոնիկ հիվանդությամբ, պետք է պարզել այդ հիվանդության սիմպտոմների իմաստը: Բայց, ցավոք, մեծերը շատ հաճախ երեխային լուրջ չեն ընդունում և նույնիսկ չեն փորձում ուշադրության առնել այն, թե ինչ է ասում նրա մարմինը ծակոցների կամ գլխացավերի միջոցով:

Ինչպե՞ս է երեխան որսում և իր մարմնով արտահայտում այն, ինչը չի ասվել իր ծնողների կողմից

Նշանավոր մանկական հոգեվերլուծող Ֆրանսուազա Դոլտոն երեխային համարում է իր պահանջմուքներով առաջ շարժվող անհատականություն: Օրինակ, նա պնդում էր, որ հենց բեղմնավորման պահից երեխաները ցանկություն են ունենում շփվել մարդկանց հետ: Այդ ցանկությունը ծնվելու պահից ապրում է նրա մարմնում, բայց ակնհայտորեն դրսևորվում է այն ժամանակ, երբ երեխան սկսում է ազատ խոսել:

Մաշկի, զգայարանների օգնությամբ երեխան անգիտակցորեն ընկալում և յուրացնում է իր ծնողների հոգեկան պատմությունը: Այդպես նա «մարմնավորվում է ընտանեկան պատմության մեջ»: Դոլտոն սա ոչ թե հորինել, այլ բառացիորեն դիտել է: Իրենց նկարներում երեխաները պատմել են այն մասին, ինչը հայտնի չի եղել իրենց ծնողներին, բայց ինչն ավելի ուշ հաստատել են տատիկներն ու պապիկները: Մանկահասակը խոսում է իր 5 զգայարանների օգնությամբ, բայց ծնողները դժվարանում են հասկանալ, թե ինչ է նա ցանկանում ասել: Նրանք սովոր են խոսքերով շփվել:


Կարդացեք նաև:   Երեխայի գլխացավերը


Ընտանեկան ի՞նչ չասված գաղտնիքներ կարող են երեխայի մոտ արտահայտվել հիվանդության ձևով

Երեխային են փոխանցվում բոլոր չլուծված խնդիրները: Այն ամենը, ինչն իրենց ընտանեկան պատմությունում ժխտել են նախորդ սերունդները, տրավմայի է ենթարկում հաջորդ սերունդներին: Բայց գաղտնիքի և չասվածի միջև տարբերություն կա: Գաղտնիքը մեր իրավունքն ու անհրաժեշտությունն է: Մեր հոգեկան անվտանգությունը հենվում է ինքներս մեզնից ինֆորմացիան «թաքցնելու» հնարավորության վրա (հոգեբանական պաշտպանական մեխանիզմի շնորհիվ): Գաղտնիքը վերաբերում է միայն մեկ մարդու, այն բացարձակապես մասնավոր բնույթ ունի:

Ընդհակառակը, չասվածը ընտանիքի պատմության այն մասն է, որը պատկանում է բոլորին (թեկուզ և տարբեր աստիճանով), բայց թաքցվում է: Հաճախ այդ մասին լռելու պատճառ է դառնում ամոթը: Այն անցնում է սերնդե-սերունդ այնքան ժամանակ, մինչև «թարախապալարը չպատռվի»: Պարզ է դառնում, թե ինչու է հոգեմարմնական սիմպտոմով տառապող երեխան հատուկ, երկակի դեր խաղում: Ուզում են նրան ստիպել լռել («Ոչինչ, ուղղակի փորդ է ցավում»), բայց միաժամանակ գաղտնի հույս են տածում, որ նրա միջոցով կգա փրկությունը («Ինչ-որ բան արեք ..: Մենք ինքներս արդեն չգիտենք, ինչ անել»)

Ի՞նչ անել, եթե երեխայի հիվանդությունը ոչ մի կերպ չի անցնում

Երեխայի ամեն մի սիմպտոմ կապված է կոնկրետ պատմության հետ և այդ պատճառով արտահայտվում է որոշակի կերպ (կակազություն, փորացավեր, ասթմա, խրոնիկ տոնզիլիտ և այլն): Որպեսզի հասկանանք դրա իմաստը, սկզբում պետք է ազատվենք ամեն ինչ վերահսկելու ցանկությունից և ընդունենք, որ այդ տառապանքը երեխան կարող է արտահայտել միայն իր մարմնի օգնությամբ: Երբ ծնողները հենց այսպես են վարվում, հաճախ սիմպտոմները վերանում է իրենք իրենց:

Երեխան ոչ թե պարզապես «հիվանդ» է, այլ գիտի ինչ-որ բանի մասին: Այդ պատճառով, կարելի է նրան խնդրել, որ հուշի մեզ ճիշտ ուղղությունը. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ քեզ»: Պատասխանը մեր կողքին է, այն հանելուկ չէ: Երբ երեխան իր ուղերձն արտահայտում է մարմնի միջոցով, ծնողները կարող են դիմել մասնագետին, ով կօգնի հասկանալ, թե ինչի մասին է խոսում նույնիսկ ամենափոքրիկ երեխայի հոգեմարմնական խանգարումը:

Կարևոր է, որ ծնողներն իրենց մեղավոր չզգան: Ֆրանսուազան Դոլտոն ասել է. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր պատճառով, բայց ոչ ձեր մեղքով»: Լինել ծնող, նշանակում է լինել պատասխանատու: Եթե մենք համաձայնվենք լսել այն, ինչ ցանկանում է մեզ հաղորդել երեխայի անգիտակցականը, հիվանդությունն իր սիմպտոմներով այլևս հարկավոր չի լինի:

*Ֆրանսուազա Դոլտո (1908-2008), առաջին պրակտիկ մանկական հոգեվերլուծողներից մեկը Ֆրանսիայում: Ստանալով մանկաբույժի մասնագիտություն, սկսել է զբաղվել նաև հոգեվերլուծությամբ: 1939 թ. պաշտպանել է դիսերտացիա «Մանկաբուժություն և հոգեվերլուծություն» թեմայով և մինչ կյանքի վերջը երեխաներին բուժել է խոսքով:

Բնօրինակ

Ճիշտ օգնենք երեխային հաղթահարել իր խնդիրները

Երեխայի վարքի , ուսման և ցանկացած այլ անձնային խնդիրների պատճառները հասկանալու և շտկելու նպատակով կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության:                                  Նախապես գրանցվեք.                                                                                                                            հետևյալ համարով. +(374  91) 69-31-99,        կամ գրեք հետևյալ էլ. հասցեին.  info@iverh.com                Մանրամասներին տեղեկացեք այստեղ 

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: