5438      0

Թերմոնևրոզ,
ախտանիշները և բուժումը

Թերմոնևրոզը (վեգետոնևրոզ) պաթոլոգիկ վիճակ է, երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37-38 աստիճան՝ առանց հիվանդության որևէ այլ դրսևորումների: Ներկայումս ընդունված է թերմոնևրոզը համարել վեգետոանոթային դիստոնիայի կամ նևրոզների տեսակներից մեկը: Այդ վիճակի հիմնական տարբերվող առանձնահատկությունը մարմնի ջերմաստիճանի անսպասելի, անբացատրելի բարձրանալն է, որն առաջանում է բացառապես նևրոլոգիական խանգարումներով:

Հիվանդության զարգացման պատճառները

Մարդու օրգանիզմի նորմալ ջերմաստճանի պահպանման համար պատասխանատու է ջերմակարգավորման կենտրոնը, որը տեղակայված է հիպոթալամուսում: Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրանալը և իջնելը, ցրտահարվելը, ինֆեկցիոն ագենտների օրգանիզմ ընկնելը՝ այս բոլորն առաջացնում է մարմնի ջերմաստիճանի տատանումներ, որը խստորեն կարգավորվում է հիպոթալամուսի միջոցով:

Այսպես, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրանալն օգնում է օրգանիզմին ավելի արագ հաղթահարել հիվանդությունը, իսկ այ թերմոնևրոզի դեպքում ջերմաստիճանի կարգավորման ձևավորված մեխանիզմը «կոտրվում» է: Արյունատար անոթների սպազմը, կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները բարձրացնում եմ մարմնի ջերմաստիճանը սովորաբար մինչև 37-38 աստիճան, որն էլ միանգամայն բավարար է, որպեսզի մարդն իրեն հիվանդ զգա:

Ինչի՞ց է անսպասելորեն բարձրանում մարմնի ջերմաստիճանը գործնականորեն առողջ մարդկանց մոտ: Թերմոնևրոզի զարգացման ճշգրիտ պատճառները հայտնի չեն: Ապացուցված է, որ վեգետատիվ նյարդային համակարգի վիճակի վրա ազդեցություն ունեն մարդու ապրելակերպը, սնվելը, սթրեսային գործոնները և այլն:

Ենթադրվում է, որ թերմոնևրոզը դրսևորվում է որպես օրգանիզմի պատասխան ռեակցիա սթրեսներին, տրավմաներին, գերհոգնածությանը և այլ նման գործոններին: Թեմոնևրոզ կարող են առաջացնել հաճախակի սթրեսները կամ ձգձգվող կոնֆլիկտները, Ֆիզիկական և էմոցիոնալ գերհոգնածությունը, քնի պակասը, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, տրավմաները և տարած ծանր հիվանդությունները, վախերը, տագնապները, ապրումները:

Վեգետոնևրոզը կարելի է ախտորոշել միայն հիվանդին մանրազննին հետազոտելուց, օրգանիզմում ցանկացած բորբոքային պրոցեսները, խրոնիկ հիվանդությունները, պարազիտոզները և այլ պաթոլոգիկ վիճակները բացառելուց հետո:

Հիվանդության ախտանիշները

Շատերը կարող են հիշել, թե ինչպես էր ցավում և պտտվում գլուխը, ջարդվում մարմինը, կամ կտրուկ թուլություն առաջանում որևէ կարևոր իրադարձությունից, պատասխանատու հանդիպումից, ելույթ ունենալուց առաջ, վեճերից ու ապրումներից հետո:

Որպես կանոն, հասուն տարիքի մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում այսպիսի հիվանդագին վիճակներին՝ նախընտրելով ընդունել ջերմիջեցնող կամ ցավազրկող դեղեր, իրենց վիճակը «վերագրելով» մրսածությանը, որևէ հիվանդության սրացմանը կամ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիային:

Պատճառն այն է, որ վեգետոնևրոզի հիմանական ախտանիշները՝ մարմնի տևական բարձր ջերմաստիճանը, թուլությունը, ողջ մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը գործնականում ուղեկցում են ցանկացած մրսածության հիվանդության:

Բոլորովին այլ է, երբ ջերմության անբացատրելի բարձրանալը դրսևորվում է երեխաների մոտ: Եթե երեխան նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքի է, շտապ սկսում են նրան հետազոտել, հիվանդություններ փնտրել կամ նույնիսկ բուժել ինչ-որ բանից:

Միջին դպրոցական տարիքի երեխաներին և դեռահասներին կարող են կասկածել ձևացնելու, մանիպուլյացիայի և ծնողներին խաբելու մեջ, որովհետև մարմնի ջերմաստիճանի բարձրանալը, որպես կանոն, դրսևորվում է ստուգողական աշխատանքից, քննություններից կամ նման այլ լարված իրադարձություններից առաջ:

Երկու դեպքում էլ երեխան մնում են առանց որակյալ բժշկական օգնության, որը կարող է ավելի լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Թերմոնևրոզը երեխաների մոտ

Եթե մյուս բոլոր պաթոլոգիաներն արդեն բացառվել են, իսկ երեխայի մոտ կայուն ձևով բարձրանում է ջերմաստիճանը մինչև 37,5-38 աստիճան, անպայման պետք է հետազոտել նրա վեգետոանոթային համակարգը:

Թերմոնևրոզն ավելի հաճախ հանդիպում է նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ և սեռական հասունացման շրջանում:

Մանկահասակների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է անբացատրելի բարձրանալ այն սթրեսների պատճառով, որոնք կապված են կրծքից կտրելու, մանկապարտեզ հաճախելու, ծնողների բացակայության, տեղափոխվելու կամ ցանկացած այլ հոգետրավմատիկ իրավիճակի հետ: Ջերմաստիճանի բարձրանալը, որպես կանոն, դրսևորվումէ առավոտյան ժամերին. երեխան կամակորություն է անում, լաց է լինում, իրեն վատ է զգում: Ընդ որում, այդ բոլորն անցնում է, երբ այլևս անհրաժեշտ չի լինում մանկապարտեզ կամ դպրոց գնալ, ծնողները մնում են երեխայի հետ, կամ նա ստանում է ուզածը:

Երեխաների մոտ թերմոնևրոզի զարգացմանը նպաստող գործոններն են. բարդ հղիությունը, պտղի հիպոքսիան, հղիության ընթացքում մոր հիվանդությունները և անեմիան, ծննդաբերության ժամանակ տրավմաները, նյարդային համակարգի հիվանդությունները, գանգուղեղային տրավմաները:

Ավելի բարձր տարիքի երեխաների և դեռահասների մոտ թերմոնևրոզի ախտանիշները կարող են խիստ տարբերվել: Որոշների մոտ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է նաև ինչ-որ տհաճ իրադարձությունից առաջ և ուղեկցվում է ինֆեկցիոն հիվանդության բոլոր նշաններով՝ մարմնի ջերմաստճանի բարձրացում, ամբողջ մարմնի ցավ, թուլություն, գլխացավ և այլն:

Ինչպես և մանուկ հասակում, հիվանդության բոլոր դրսևորումներն արագ անհետանում են «սարսափելի» իրադարձության անհետացումից հետո: Ամենավառ օրինակը դպրոցականի անսպասելի «հիվանդությունն» է այն ստուգողական աշխատանքից առաջ, որին նա պատրաստ չէ:

Շատ ավելի ծանր են մշտական հոգետրավմատիկ ազդեցության հետևանքով դրսևորվող պաթոլոգիաները, ինչպիսիք են, օրինակ, չստացված հարաբերությունների պատճառով առաջացող ծանր ապրումները, հասակակիցների կողմից «հալածանքը», ծնողների բաժանվելը կամ վեճերը, տեղափոխվելը և ընկերների հետ կապը կորցնելը և այլն:

Այսպիսի իրավիճակներում երեխաների մոտ կարող է առաջանալ վեգետատիվ նևրոզ. կտրուկ վատանում է վիճակը, բարձրամում մարմնի ջերմաստիճանը, առաջանում է ինտենսիվ գլխացավ, ջարդվում է ողջ մարմինը, կարող են առաջանալ սրտխառնոց, ցավեր փորի և կրծքի շրջանում:

Բուժումը

Թերմոնևրոզի բուժումը կարելի է սկսել միայն բժշկի վերջնական ախտորոշումից հետո: Դրա համար ամեն օր՝ օրվա տարբեր ժամերին, չափում են հիվանդի ջերմությունը: Որպես կանոն, վեգետոնևրոզի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է ցերեկային ժամերին՝ ապրումների և ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում, իսկ գիշերային ժամերին մարմնի ջերմաստիճանը համապատասխանում է նորմային:

Օգտագործում են հետազոտության լրացուցիչ մեթոդներ. ասպիրինային թեստը, գլխուղեղի անոթների ՈւՁՀ-ն, որն օգնում է բացահայտել կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաները, ԷԷԳ-ն՝ բացահայտելու համար պաթոլոգիկ ակտիվության օջախները և բացառելու համար այլ հիվանդությունները, տարբեր օրգանների և համակարգերի լիարժեք հետազոտությունը՝ բացառելու համար բորբոքային հիվանդությունները և ներքին օրգանների պաթոլոգիաները:

Մեկ անգամ ևս նշենք, որ միայն բազմակողմանի հետազոտությունից և վերջնական ախտորոշումից հետո է բժիշկը բուժում նշանակում: Մարմնի ջերմաստիճանի պաթոլոգիկ բարձրանալը կարելի է հաղթահարել միայն դրա իրական պատճառները վերացնելով, ապրելակերպը փոխելով և, երբեմն, որոշ դեղեր ընդունելով:

Թերմոնևրոզի բուժման համար կարևոր նշանակություն ունի օրվա ռեժիմի պահպանումը, աշխատանքի և հանգստի ճիշտ հաջորդումը, պարտադիր ֆիզիկական ակտիվությունը, կոփվելը, հնարավորության դեպքում սթրես առաջացնող իրավիճակներից խուսափելը, լարվածության թուլացման և մեդիտացիայի տեխնիկաներ սովորելն ու կիրառելը:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: