1756      0

Երեխայի պատրաստվածությունը դպրոցին
(նախադպրոցական տարիք)

Վերլուծելով 5 -7 տարեկան երեխաների սոցիալական և հուզական հմտությունների ու կարողությունների զարգացման ոլորտում տնտեսապես զարգացած երկրների փորձը, Մոսկովյան շրջանի կրթության գործնական հոգեբանության կենտրոնը  կազմել է նախադպրոցականի սոցիալական կոմպետենտությունների ցանկը:

Այդ ցանկը կազմված է 45 հմտություններից և կարողություններից, որոնք արտացոլում են երեխայի կյանքի տարբեր ասպեկտները՝ կոմունիկացիան, էմոցիոնալ ինտելեկտը, ագրեսիան կառավարելը, սթրեսը հաղթահարելը, կրթական հաստատությանը հարմարվելը:

Նշված հմտություններից շատերը հնարավոր չէ ձևավորել ուղղակիորեն: Սոցիալական կոմպետենտությունների կառուցվածքը տրվում է այն բանի համար, որպեսզի մեծահասակ դիտորդը կոնկրետ երեխայի վարքը կարողանա համեմատել սոցիալապես կոմպետենտ նախադպրոցականի վարքի էտալոնի հետ:

I. Կրթական հաստատությանը հարմարվելու հմտություններ:

II. Հասակակիցների հետ շփվելու հմտություններ:

III. Զգացմունքների հետ գործ ունենալու հմտություններ:

IV. Ագրեսիայի այլընտրանքի հմտություններ:

V. Սթրեսը հաղթահարելու հմտություններ:

I. Կրթական հաստատությանը հարմարվելու հմտություններ

1. Լսել կարողանալը

Հմտության բովանդակությունը. նայել զրուցակցին, չընդհատել նրան, նրա խոսքը խրախուսել գլխով անելով, փորձել հասկանալ հաղորդածի իմաստը: Եթե երեխան ուշադիր լսում է խոսողին, նրա համար ավելի հեշտ է ընկալել և մտապահել ինֆորմացիան,  հետաքրքիր հարցեր տալ և զրուցակցի հետ պահպանել երկխոսությունը:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ պարապմունքի ժամանակ երեխան լսում է դաստիարակի բացատրածը,

բ/ երեխան լսում է հետաքրքիր իրադարձության մասին հասակակցի պատմածը:

Երբ հմտությունը ձևավորված չէ. երեխան հարց է տալիս և հեռանում՝ մինչև վերջ չլսելով պատասխանը: Ընդհատում է խոսողին կամ անցնում այլ զբաղմունքի մինչ նա խոսում է:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան նայում է խոսող մարդուն:
  2. Չի խոսում, լուռ լսում է:
  3. Փորձում է հասկանալ, թե ինչ ասվեց:
  4. Ասում է «այո» կամ գլխով է անում:
  5. Կարող է թեմայի վերաբերյալ հարց տալ (որպեսզի ավելի լավ հասկանա):

2. Օգնություն խնդրելու ունակություն

Ունակության բովանդակությունը. պատրաստ է ընդունել, որ «մենակ չեմ կարող հաղթահարել, ուրիշի օգնությունն է պետք», մյուսներին ցույց է տալիս վստահություն, պատրաստ է ընդունել ոչ միայն օգնելու նրանց համաձայնությունը, այլև մերժելը կամ օգնելը հետաձգելը:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան առաջադրանքը կատարելիս դժվարանում է և դաստիարակից օգնություն է խնդրում,

բ/ ծագած խնդիրների հետ կապված երեխան դիմում է մեծերի օգնությանը:

Երբ տվյալ հմտությունը ձևավորված չէ, երեխան կամ չի դիմում օգնության՝ մենակ մնալով իր ուժերից վեր խնդրի հետ և անօգնականության զգացում է ունենում (լաց է լինում, ինքնամփոփ է դառնում, զայրանում է): Կամ էլ օգնություն է պահանջում և պատրաստ չէ սպասել, բացասական է արձագանքում սկզբում ինքնուրույն հաղթահարելու առաջարկին: Երեխան օգնություն չի խնդրում և սկսում է իր վրա ուշադրություն գրավել վատ վարքի միջոցով:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Գնահատում է իրավիճակը. կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն հաղթահարել:
  2. Մոտենում է այն մարդուն, ումից կարող է օգնություն ստանալ, դիմում է նրան անունով (կամ         համապատասխան դիմելաձևով):
  3. Եթե նրան ուշադրություն են դարձրել, ասում է. «Օգնիր (օգնեցեք), խնդրում եմ»:
  4. Սպասում է պատասխանին. եթե համաձայնվում են օգնել, շարունակում է՝ բացատրելով, թե ինչում է դժվարնում: Եթե մերժում են, փնտրում է այլ մեծի կամ հասակակցի և կրկնում խնդրանքը:
  5. Ասում է «Շնորհակալություն»:

3. Շնորհակալություն հայտնելու ունակություն

Ունակության բովանդակությունը. նկատում է այլ մարդկանց կողմից իր նկատմամբ լավ վերաբերմունքը, ուշադրության նշանները և օգնությունը: Դրա համար նրանց շնորհակալություն է հայտնում:

Իրավիճակներ, որտեղ կարող է տվյալ հմտությունը դրսևորվել.

ա/ մեծերից կամ հասակակիցներից որևէ մեկը ինչ-որ հարցում օգնել է երեխային, եթե նույնիսկ այդ օգնությունն աննշան է:

Շատերը նշանակություն չեն տալիս այն լավ բանին, ինչը նրանց համար անում են ուրիշները՝ դա համարելով միանգամայն բնական, կամ, ընդհակառակը՝ շնորհակալ լինելով հանդերձ, ամաչում են բարի խոսքեր ասել: Ընդունելը՝ որպես երախտագիտության արտահայտման անմիջական ձև, ենթադրում է որոշակի չափավորություն կամ նույնիսկ զսպվածություն, քանի որ կարող է դառնալ մանիպուլյացիային ձև:

Երբ ունակությունը ձևավորված չէ, երեխան օգնությունն ընկալում է որպես «ինքնին հասկանալի» վերաբերմունք իր նկատմամբ: Չի նկատում այլ մարդկանց ջանքերը, ամաչում է կամ չի կարողանում արտահայտել շնորհակալական խոսքեր:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան նկատում է նրան, ով իր համար որևէ լավ բան է արել կամ օգնել է:
  2. Կարողանում է ընտրել հարմար պահը և տեղը:
  3. Բարյացկամ հայտնում է «Շնորհակալություն»:

4. Ստացած հրահանգներին հետևելու ունակություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է հասկանալ հրահանգը և համոզվել, որ այն, ինչ ցանկանում էին իրեն ասել, ինքը ճիշտ է հասկացել, լսածի վերաբերյալ իր վերաբերմունքը բարձրաձայն արտահայտելու ունակություն (պատասխանել, արդյոք ինքն անելու է դա):

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան ուշադիր լսելով հրահանգը, կատարում է դաստիարակի առաջադրանքը,

բ/ երեխան ոգևորությամբ համաձայնվում է կատարել մեծի որևէ հանձնարարությունը:

Այստեղ բերված են միայն հմտության առաջին մասի քայլերը, քանի որ երկրորդը դեռևս երեխային հասու չէ: Երկրորդ մասը ձևավորվում է ավելի ուշ, բայց արդեն այս պահից մեծերը պետք է երեխային սովորեցնեն ճիշտ գնահատել իրենց հնարավորությունները:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան իր ուժերից վեր առաջադրանքներ է վերցնում, առանց հրահանգը մինչև վերջ լսելու սկսում է դրանք կատարել, կամ ասում է «լավ»՝ չպատրաստվելով այն կատարել:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան ուշադիր լսում է հրահանգը:
  2. Հարցնում է այն, ինչը չի հասկացել:
  3. Մեծի խնդրանքով կարող է կրկնել հրահանգը կամ ցածրաձայն ինքն իր համար կրկնել:
  4. Հետևում է հրահանգին:

5. Աշխատանքը մինչ վերջ կատարելու կարողություն

Հմտության բովանդակությունը. այլ զբաղմունքի անցնելու գայթակղությանը դիմակայելու, աշխատանքը մինչև արդյունքին հասցենելու ունակություն:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ պարապմունքի ժամանակ երեխան կատարում է առաջադրանքը մինչև առաջադրված արդյունքին հասնելը,

բ/ երեխան կատարում է ծնողի՝ տանն ինչ-որ հարցում իրեն օգնելու խնդրանքը,

գ/ երեխան նկարը ավարտին է հասցնում:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան անավարտ է թողնում աշխատանքը, որովհետև անցնում է այլ զբաղմունքի կամ էլ ուղղակի չի նկատում, որ այն ավարտին հասցված չէ:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան ուշադիր նայում է կատարած աշխատանքը և գնահատում ավարտած լինելը:
  2. Երբ մտածում է, որ աշխատանքն ավարտված է, ցույց է տալիս մեծին:
  3. Կարող է ինքն իրենք քաջալերել. «Մի քիչ էլ: Մի անգամ էլ… Ես ամեն ինչ արեցի … Կեցցեմ…»

6. Քննարկմանը մասնակցելու կարողություն

Հմտության բովանդակությունը. որոշակի թեմայով զրույցին մասնակցելու, խոսելու և լսելու կարողության: Դրա համար երեխան պետք է չընդհատի զրուցակցին, տա թեմային վերաբերող հարցեր, որպեսզի զրուցակիցը շարունակի պատմել, խոսակցությունը չշեղի այլ թեմայի կամ իր վրա:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան զրուցում է մեծերի, ավելի փոքր տարիքի երեխաների կամ հասակակիցների հետ,

բ/ խմբում նորեկ է հայտնվել, ով ամաչում է:

Եթե հմտությունը ձևավորված չէ, երեխան կամ չի մասնակցում խոսակցությանը, կամ ընդհատում է և սկսում խոսել իր կամ իրեն հետաքրքրող որևէ այլ բանի մասին:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան որոշակի թեմայի վերաբերյալ խոսակցությանը կարող է ինչ-որ բան ավելացնել:
  2. Հասկանում է, թե արդյո՞ք դա վերաբերում է քննարկվող թեմային:
  3. Փորձում է ձևակերպել այն, ինչը ցանկանում է ասել:
  4. Համբերատար լսում է քննարկման մյուս մասնակիցներին:

7. Մեծին օգնություն առաջարկելու կարողություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է տեսնել այն իրավիճակները, երբ ուրիշները օգնության կարիք ունեն և չեն կարող ինքնուրույն հաղթահարել առաջացած խնդիրները: Կարողանում է պարզել, թե ինքն ինչով կարող է օգնել մեծերին, առաջարկել իր օգնությունը:

Իրավիճակներ, երբ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան առաջարկում է օգնել դաստիարակին դասավորել պարապմունքի աթոռները,

բ/ երեխան տանն առաջարկում է մայրիկին օգնել հավաքել սենյակը, որովհետև տեսնում է, որ նա հոգնած է:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան չի նկատում, որ շրջապատի մարդկանց օգնություն է պետք, չի տեսնում, թե ինչ հարցում կարող է օգնել, չգիտի ինչպես օգնություն առաջարկել:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան նկատում է, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի:
  2. Երեխան կարողանում է զգալ, թե կարո՞ղ է արդյոք այդ հարցում օգնել:
  3. Մոտենում է մեծին՝ ընտրելով պահը, երբ իրեն կարող են լսել:
  4. Հարցնում է մեծին. «Օգնե՞մ Ձեզ/քեզ» կամ ասում է. «Տվեք, օգնեմ/անեմ»:

8. Հարցեր տալու կարողություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է զգալ, որ իրեն ինչ-որ բան հասկանալի չէ, ունակ է որոշել, թե ով կարող է օգնել, պատասխանել հետաքրքրող հարցերին, հարցով քաղաքավարի դիմել մեծին:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխային ինչ-որ բան հասկանալի չէ, և նա պետք է պարզի դաստիարակից կամ ծնողից,

բ/ երեխան ինչ-որ  բանի վերաբերյալ հավաքում կամ ստուգում է ինֆորմացիան:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան վախենում է հարցնել, որվհետև արդեն բացասական փորձ ունի (բարկացել են հարցի և «անհասկացող» լինելու համար): Կամ, հարց տալու փոխարեն, ընդհատում և խոսում է իրեն հետաքրքրող թեմայով:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան զգում կամ հասկանում է, թե ում կարելի է հարց տալ:
  2. Երեխան զգում կամ հասկանում է, թե երբ է տեղին հարց տալը:
  3. Փորձում է ձևակերպել հարցը:

9. Իր կարիքները ներկայացնելու կարողություն

Հմտության բովանդակությունը. ուշադիր է իր կարիքների նկատմամբ (ֆիզիոլոգիական և հուզական). Սեփական օրգանիզմի խնդիրները ժամանակին զգալու, սեփական զգացմունքները լսելու կարողություն: Սոցիալապես ընդունված ձևերով, առանց մյուսներին խանգարելու իրենց գործով զբաղվել, կարողանում է շրջապատողներին հայտնել սեփական կարիքների մասին:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան զբոսանքի ժամանակ ուզում է ջուր խմել,

բ/ երեխան պարապմունքի ժամանակ ցանկանում է զուգարան գնալ,

գ/ ընդհանուր աշխատանքի ժամանակ երեխան տխրում է և ցանկանում վերցնել իր սիրած խաղալիքը:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան լուռ տառապում է, կամ էլ դիմանում է, իսկ հետո ոչ ադեկվատ վարք դրսևորում:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան լսում է իրեն և զգում իր կարիքները:
  2. Նա գիտի/հասկանում է, որ ճիշտ է այդ մասին մեծին ասելը (չի ամաչում և չի վախենում):
  3. Դիմում է մեծին և ասում, թե ինչ է իրեն պետք:

10. Իր զբաղմունքի վրա կենտրոնանալու կարողություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է չշեղվել իր պարապմունքից, հետաքրքրված է նրանով, ինչով զբաղված է: Հասկանում է, թե ինչն է գործից շեղում և փորձում է վերացնել այն:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան պարապմունքի ժամանակ կատարում է առաջադրանքը, իսկ խմբում ինչ-որ մեկը նրան շեղում է,

բ/ երեխան պարապմունքի ժամանակ կատարում է մեծի առաջադրանքը, բայց չի կարողանում կենտրոնանալ:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան մի զբաղմունքից անցնում է մյուսը, որի ժամանակ կարող է խանգարել մյուս երեխաներին, արձագանքում է արտաքին ազդակներին:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան կարողանում է մինչև հինգը հաշվելու կամ ոտանավորի միջոցով շեղել իրեն արտաքին ազդակից:
  2. Օրինակ, նա կարող է ասել ինքն իրեն. «Ես ուզում եմ լսել: Ես պետք է շարունակեմ նկարել»:
  3. Շարունակում է աշխատանքը:
  4. Երբ աշխատանքն ավարտված է, նա բավարարվածություն է զգում. «Ապրեմ ես, որ արեցի սա»:

11. Աշխատանքի թերություններն ուղղելու կարողություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է հետևել առաջադրված աշխատանքի օրինակին: Ցանկանում է ուղղել աշխատանքի թերությունները կամ սխալները, որպեսզի իրեն ավելի լավ զգա:

Իրավիճակներ, երբ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան ինչ-որ բան չի կատարել այնպես, ինչպես բացատրել է դաստիարակը, չի հասկացել հրահանգը,

բ/ երեխան ցանկանում է ինչ-որ բան իր ուզածով անել, դաստիարակի հրահանգում փոփոխություններ մտցնել:

Երբ հմտությունը ձևավորված չէ, թերություններին անդրադառնալու դեպքում երեխան կիսատ է թողնում աշխատանքը կամ կորցնում է դրա նկատմամբ հետաքրքրությունը: Կամ էլ, որևէ արդարացում հորինելով, համառորեն իրենն է պնդում:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան լսում է (ուշադրություն է դարձնում) մեծի հուշելուն, թե էլ ինչը կարելի է ավելի լավ անել:
  2. Կարող է առանց վիրավորվելու համաձայնվել հուշածի հետ, կամ չհամաձայնվել և ասել այդ մասին:
  3. Եթե համաձայն է, աշխատանքում շտկումներ է կատարում:
  4. Եթե համաձայն չէ, բացատրում է մեծին, թե ինչու համաձայն չէ:

Շարունակությունը. Հասակակիցների հետ շփման հմտություններ

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: