2467      0

«Բռնացրեք»
երեխային
լավ բան անելիս

Ստեֆանի Պետերսոնը ներկայացնում է պարզ կանոններ, որոնք վերաբերում են երեխայի «սովորական» վարքային խնդիրներին և առաջին հերթին ունեն կանխարգելիչ նշանակություն:

Իհարկե, դրանք օգտակար կլինեն նաև ծանր վարքային խանգարումների դեպքում, բայց այդ պարագայում առաջնային են վարքի շտկման այլ մեթոդները:

Ստեֆանի Պետերսոն (Stephanie Peterson) –Հարավային Միչիգանի Համալսարանի (ԱՄՆ) հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր, վարքային վերլուծաբան: Մասնագիտացումը խնդրային վարքի տարբեր ասպեկտների ուսումնասիրությունն է:

Ծնողները պետք է հասկանան, որ երեխայի վարքը շատ բանով պայմանավորված է հենց իրենց՝ ծնողների վարքով: Երբ երեխան ցանկալի կամ անցանկալի վարքը է դրսևորում, ծնողների անմիջական արձագանքից է կախված, թե որքանով այն կամրապնդվի և ինչպես կարտահայտվի հետագայում:

Կան մի քանի ստրատեգիաներ, որոնց օգնությամբ ծնողները կարող են փոխել երեխայի անցանկալի վարքը և նրա համար ստեղծել «հաջողության հասնելու պայմաններ»:

1. Մշտապես ուշադրություն դարձրեք երեխայի լավ վարքին

Ուշադիր հետևեք երեխային և աշխատեք «բռնացնել» նրան լավ բան անելիս: Հեշտ է, երբ երեխան իրեն լավ է պահում, և մտածել. «Լավ է, երեխան խաղում է, կարող եմ իմ գործերով զբաղվել»: Ստացվում է, որ երբ երեխան դրսևորում է ցանկալի վարք, նրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում:

Առաջին բանը, որ խորհուրդ կտայի ծնողներին, հատուկ «փնտրեք» երեխայի լավ վարքի դրսևորումները, և, երբ երեխան իրեն լավ է պահում, ուշադրություն դարձրեք դրան, ինչ-որ կերպ նշեք դա, գովեք նրան, թեկուզ պարզապես ասեք. «Շատ ապրես»: Ծնողի նման արձագանքը երեխայի համար «շահավետ» է դարձնում լավ վարքը:

Հաճախ է պատահում, որ երեխայի լավ վարքն անտեսվում է, բայց երբ նա ինչ-որ սխալ է թույլ տալիս, ծնողները դրան անմիջապես անդրադառնում են: Ստացվում է, որ ծնողի ուշադրությանն արժանանալու համար երեխան պետք է իրեն վատ պահի: Սա ծուղակ է, որի մեջ ընկնելը շատ հեշտ է:

Այդ պատճառով, կարևոր է զարգացնել հետևյալ սովորությունը. հետևել, թե ինչպես է իրեն պահում երեխան, «որսալ» լավ վարքը, ուշադրություն դարձնել դրան և հնարավորինս հաճախ գովել կամ այլ ձևով խրախուսել նրան:

2. Խնդրային վարքի դեպքում մտածեք դրա պատճառների մասին

Եթե, այնուամենայնիվ, անցանկալի վարք է դրսևորվել, մտածեք, թե կոնկրետ ի՞նչ է ստանում երեխան դրա արդյունքում:  Դա կարող է լինել ուշադրության արժանանալու ցանկություն, մեծից կամ այլ երեխայից ակնկալվող արձագանք: Միգուցե նա կռիվ է սարքում, որովհետև ցանկանում է հետ ստանալ իրենից վերցրած խաղալիքը, կամ բղավում է, որովհետև չի ցանկանում ինչ-որ բան անել: Փորձեք հասկանալ, թե ի՞նչ է նա ուզում ստանալ այդ ձևով:

Աշխատեք այնպես անել, որ այդպիսի վարքը չբերի երեխայի ուզած արդյունքին: Օրինակ, եթե երեխան կռվում է խաղալիքի համար, հետևեք, որ նա չստանա այդ խաղալիքը կռվելու արդյունքում: Սպասեք, որ վարքի այդպիսի դրսևորումը դադարեցնի, հանգստանա, ավելի տեղին վարք հուշեք նրան և հետևեք, որ ուզածը ստանա այն դրսևորելու արդյունքում:

Իհարկե, միշտ չէ, որ դա հնարավոր է: Բայց աշխատեք այդ ուղղությամբ, և, եթե ձեզ մոտ ստացվի, կտեսնեք, որ դա տալիս է սպասված արդյունքը:


Բոլոր ժամանկների 20 կանոն ծնողների համար


3. Հատուկ ստեղծեք իրավիճակներ, որոնցում երեխան կկարողանա մարզել ցանկալի վարքը

Շատ հաճախ, հատկապես, երբ երեխան զարգացման առանձնահատկություններ ունի, ծնողները սկսում են «կանխագուշակել» նրա ցանկությունները և կատարել դրանք: Խնդիրն այն է, որ այս դեպքում երեխան ստիպված չի լինում որևէ բան խնդրել: Այսինքն, դուք հնարավորություն չեք տալիս երեխային զարգացնել ցանկալի ունակություններն ու վարքը:

Հնարավորինս հաճախ ստեղծեք իրավիճակներ, որոնցում երեխան կկարողանա դրսևորել և զարգացնել ցանկալի հմտությունները: Հուշեք նրան, սովորեցրեք:

4. Ձեր սպասումներն առավելագույնս կոնկրետ և հասկանալի դարձրեք

Մի շատ կարևոր ստրատեգիա ևս: Երեխայի առջև դրված խնդիրը բաժանեք փոքր և հստակ քայլերի: Կան մի քանի սխալներ, որոնք հաճախ են նկատվում ծնողների մոտ: Դրանցից մեկն անհասկանալի և վերացական պահանջներն են:

Օրինակ, երբ ասում են «սենյակդ հավաքիր», ինձ համար դա կարող է նշանակել մի բան, մեկ ուրիշի համար այլ: Բոլորովի պարտադիր չէ, որ մաքուր սենյակի վերաբերյալ իմ և ուրիշի պատկերացումները համընկնեն: Երեխայի համար դա կարող է նշանակել «հավաքել բոլոր թափթփված իրերը, խցկել պահարանի մեջ և փակել դուռը»:

Տվյալ դեպում ավելի կոնկրետ հրահանգը կհնչի մոտավորապես այսպես. «Հավաքիր թափթփված հագուստդ և կախիր պահարանի կախիչներից»: Այս ձևով և‘ ասվածը, և‘ կատարվելիքը դառնում են շատ ավելի հասկանալի:

Եթե խոսեք կոնկրետ և խնդիրը բաժանեք փոքր մասերի, հավանականությունը, որ ձեր պահանջները կկատարվեն, նշանակալիորեն կմեծանա: Կարող եք գովել նրան ամեն քայլից հետո, «որսալ» նրա լավ արարքը:

Կարևոր նշանակություն ունի պահանջների ճիշտ ձևակերպումը: Այսպես, եթե ասենք «Մի՛ վազիր», դժվար թե հասնենք մեր ուզածին: Բայց եթե ասենք «Քայլիր իմ կողքով», ենթարկվելու հավանականությունը շատ ավելի մեծ կլինի: Դա կոչվում է խնդրանք «ինչ անել» «ինչ չանել»-ի փոխարեն:

Կարևոր է պահանջները կոնկրետ ձևակերպել, խուսափել «չ» մասնիկից, խնդիրը բաժանել փոքր, պարզ քայլերի և կանոնավոր գովել կատարածի համար:

5. Օրն այնպես կազմակերպեք, որ երեխայի սիրած և չսիրած զբաղմունքները հաջորդեն իրար

Եթե երեխայի օրն այնպես կազմակերպվի, որ երեխայի սիրած զբաղմունքները բնական ձևով հաջորդեն ոչ այնքան սիրած զբաղմունքներին, դա կարող է նշանակալիորեն լավացնել նրա վարքը:

Այս ձևով երեխայի մոտ կբարձրանա իր առջև դրված խնդրները կատարելու մոտիվացիան, և հաջողության հասնելու հավանականությունը նույնպես:

Այս ստրատեգիան կոչվում է Պրեմակի սկզբունք, բայց հաճախ այն անվանում ենք «տատիկի կանոն», որովհետև տատիկն է ասում. «Սկզբում ճաշդ կուտես, հետո քաղցրավենիքը»: Նույնն էլ այստեղ է:

6. Երբեք մի մոռացեք, որ մեծը դուք եք

Շատ հավանական է, որ երեխաներն իրենց վատ պահեն, կռվեն, ձեզ հունից հանեն: Նրանց արարքները կարող են ձեզ մոտ բարկություն, անհանգստություն, վախ առաջացնել, նաև վշտացնել: Երեխան դեռ փոքր է, նա սովորում է և անխուսափելիորեն սխալներ է թույլ տալու:

Պետք է հիշեք, որ մեծը դուք եք: Եթե երեխան վիրավորում է, չպետք է դուք էլ ձեզ երեխայի պես պահեք:

Եթե սուր արձագանքեք, ընդամենը կսրեք խնդիրը: Կարևոր է մի քայլ հետ գնալ, խորը շնչել և հիշել, որ ինքներդ էլ իդեալական չեք, որ դուք էլ կարող եք սխալներ թույլ տալ, որ որևէ սարսափելի բան չկա, երբ հանգստանաք, կարող եք գլուխ հանել դրանից:

Եվ վերջապես, կարևոր է հիշել, որ խնդրային վարքի ամեն մի դեպք ոչ թե վշտացնում, այլ ինչ-որ նոր բան է սովորեցնում: Երեխան ոչ թե փորձում է նեղացնել ձեզ, այլ տեղեկացնել ինչ-որ խնդրի մասին, որը լուծում է պահանջում: Երեխան փորձում է ցույց տալ, որ ինքը չգիտի, թե ինչպես է դա արվում, կամ ինչ ենք ակնկալում իրենից:

Մտածեք, թե «Ի՞նչ է ասում այդ վարքը: Ի՞նչ է պետք սովորեցնել երեխային»: Դա չի նշանակում, որ երեխան կամ ծնողը վատն են: Դա իրավիճակ է, որը խոսում է լուծում պահանջող խնդրի մասին: Եվ այդ պահը պետք է օգտագործել, որպեսզի և′ երեխան, և′ ծնողը ինչ-որ նոր բան սովորեն:

Մի կարևոր բան ևս: Շատ կարևոր է տարանջատել այն, ինչը ծնողը կարող է վերահսկել, և այն, ինչը նրա իշխանությունից դուրս է: Ծնողը չի կարող փոխել այն փաստը, որ երեխան հաշմանդամ է, որ աուտիզմ ունի կամ այդպիսի խառնվածք:

Բայց ծնողը կարող է ազդել շրջապատող աշխարհի այն փոփոխականների վրա, որոնք վարքի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան կարծում ենք:


Մի′ արգելեք երեխայի կպչուն վարքային սովորությունը


Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: