Մարդկանց հետ հարաբերություններում երբեմն, կամ էլ նույնիսկ հաճախ, ծագում են անձնական սահմանները պահպանելու խնդիրներ: Ինչպե՞ս անել դա, ինչպե՞ս վարվել և ի՞նչ ասել: Դրա համար, առաջին հերթին պետք է կարողանալ ճանաչել այդ մարդկանց:
Հեղինակ՝ Թամարա Հիլլ (Tamara Hill) – հոգեթերապևտ, էմոցիոնալ տրավմաների հետ աշխատանքի մասնագետ: Մանրամասները նրա կայքում:
Հարաբերություններ զարգացնելն ու պահպանելը հեշտ խնդիր չէ: Հաճախ, տարբեր գործոններով պայմանավորված (էմոցիոնալ, վարքային, սոցիալական, հոգեբանական և նույնիսկ գենետիկ), հարաբերություններն ավելի բարդ են լինում, քան կուզենայինք:
Եթե անառողջ հարաբերություններ են ձևավորվել այնպիսի մարդու հետ, ով հուզականորեն անկայուն է կամ հոգեբանական բռնություն է գործադրում, ելքը մեկն է՝ ավելի լավ ճանաչել նրան և վերանայել նրա հետ հարաբերությունները:
Դիմացինի անձնական սահմանները խախտելու հակում ունեցող մարդկանց բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնք իմանալը կօգնի ժամանակին ճանաչել նրանց:
Մանիպուլյատորների սիրած հնարքն է՝ ներշնչել, որ ինչ-որ բան անհրաժեշտ է շտապ անել: Այս մեթոդն օգտագործվում է, օրինակ, առևտրի գովազդներում, երբ փորձում են ստիպել ձեզ առանց երկար մտածելու ինչ-որ բան գնել: Նպատակը ընտրության ընթացքն արագացնելն է և իմպուլսիվ, չմտածված արարքի դրդելը:
Թվում է, թե նրանք մշտապես ձեր մասին են մտածում, բայց դա չպետք է շոյի ձեր ինքնասիրությունը: Դրա պատճառը միայն այն է, որ դուք ինչ-որ բանով օգտակար եք նրանց: Ձեզ չեն գնահատում, չեն հարգում, այլ պարզապես օգտագործում են:
Ձեզ էգոիստաբար օգտագործելով, նրանք չեն մտածում ձեր շահերի մասին: Նրանք մշտապես աշխատում են խճճել՝ ստիպելով կասկածել, որ ձեր ընկալումն իրական և ադեկվատ է: Նրանք, փորձելով վերահսկել ձեզ, հաճախ անտեսում են ձեզ, հրաժարվում պատասխանել ձեր հարցերին և խոսել ձեզ հետ: Նման վարքը հոգեբանական բռնության տեսակներից է:
Այդպիսի մարդկանց չի հետաքրքրում, թե որքանով է իրենց վարքը վնասում ձեզ: Օրինակ, գործընկերը խնդրում է իրեն փրկելու համար ստել ղեկավարությանը, իմանալով հանդերձ, որ այդ ստի պատճառով կարող եք կորցնել աշխատանքը: Բարեկամը խնդրում է կոնֆլիկտում իր կողմից լինել՝ առանց մտահոգվելու, որ ինքներդ կարող եք տուժել:
Կարդացեք նաև. Ինչպե՞ս ճանաչել պասիվ-ագրեսիվ պարտնյորին
Նրանք ընդունակ չեն իրենց գործերով զբաղվել՝ առանց ձեզ դրանց մեջ ներքաշելու: Այս հարցում նրանք կարող են շատ համառ գտնվել, իսկ ձեր հրաժարվելու դեպքում, նույնիսկ իրենց ագրեսիվ պահել:
Դուք միանգամայն իրավունք ունեք առանձին լինելու և մասնավոր կյանքի: Հեռու մնացեք նրանցից, ովքեր ունակ չեն դա հասկանալ: Այն, որ նրանք չեն հարգում մարդու այս կարևորագույն պահանջմունքները, շատ բան է ասում նրանց արժեհամակարգի մասին:
Հաճախ այս մարդիկ բավականին նուրբ են գործում, ժամանակ առ ժամանակ հիշեցնելով այն մասին, թե իրենց ինչ է պետք, մինչև որ դուք կհանձնվեք: Ասում և անում են նույն բանը՝ աստիճանաբար խարխլելով ձեր սահմաններն ու ազդելով ձեր նյարդերի վրա: Եթե հոգահան անելով չի ստացվում, գործի են դրվում հարկադրանքը, վախեցնելը, մեքենայությունները:
Շատ դժվար է ապրել և շփվել մեկի հետ, ով համարում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, և շուրջը բոլորն ինչ-որ բանով պարտական են իրեն: Նրանք ունակ չեն ուրիշների հետ հավասարը հավասարին խոսել: Դուք մշտապես այն զգացողությունն եք ունենալու, որ ձեզ օգտագործում և նվաստացնում են: Կարևոր է հստակ հասկացնել տալ, որ նման վերաբերմունք չեք հանդուրժելու:
Նրանք հաճախ հրաժարվում են ինչ-որ բան քննարկել ձեզ հետ, չեն ցանկանում ազնիվ և իրավահավասար հարաբերություններ պահպանել, ձեր պահանջմունքներն անտեսում են ի օգուտ իրենցինի: Ստուգելը կարող է մանիպուլյացիաների ձև ընդունել. էգոիստը ցանկանում է հասկանալ, թե իրեն որքան հեռուն թույլ կտաք գնալ:
Ձգտում են ձեզ վերահսկել և մշտապես տեղյակ լինել ձեր կյանքի մանրամասներին՝ առանց իրենց մասին որևէ բան պատմելու:
Բոլորս էլ ունենում ենք հաջող և անհաջող օրեր, նոր դժվարությունների հանդիպելով և փորձ կուտակելով փոխվում ենք տարիքի հետ: Բայց դժվար է շփվել նրա հետ, ով մշտապես է փոխում վերաբերմունքն ու վարքը: Այդ անկայունությունը հաճախ բերում է դիմացինի անձնական սահմանների խախտմանը:
Հաճախ թվում է, թե այդպիսի մարդիկ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում, վստահ չեն սեփական որոշումներում, կասկածներ ունեն սեփական էմոցիաների հետ կապված: Հնարավոր է, որ դա այդպես է, բայց միևնույն է, նրանք մանիպուլյացիա են անում՝ ստիպելով ձեզ անընդհատ զգաստ լինել, որովհետև չգիտեք, թե նրանցից ինչ սպասել:
Երբ այդպիսի մարդուն չի հաջողվում ձեզնից ինչ-որ բան ստանալ, գործի է դրվում էմոցիոնալ մանիպուլյացիան: Լուռ անտեսումից զատ, այդպիսի մարդիկ հաճախ դիմում են ստի, դրսևորում են էմոցիաներ, որոնք չեն համապատասխանում իրականին:
Եթե այս նկարագրությունում ճանաչեցիք ձեր ծանոթներից, գործընկերներից ու մտերիմներից որևէ մեկին, մտածեք, թե որքանո՞վ են ձեզ համար կարևոր նրա հետ հարաբերությունները: Միգուցե, ձեր իսկ բարօրության համար, ճիշտ ժամանակն է մեծացնել ձեր միջև եղած սահմանը:
Կարդացեք նաև. Ինչպե՞ս գլուխ հանել դժվար մարդկանցից
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: